Ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության նախագիծն ԱԺ-ում չընդունվեց

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր մերժեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ընդդիմության հայտարարության նախագիծը․ փաստաթղթին կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիրները։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում էին Հայաստանի խորհրդարանի անունից հայտարարություն ընդունել՝ կոչ անելով նախևառաջ միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանn այս հարցով ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերությունների հետ։

Ընդդիմության փաստարկները

Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծում էին՝ տարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական գործիչներ բարձրացրել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը, մինչդեռ Երևանը պաշտոնական հայտարարություն չի արել։

«Ո՞րն է ամենապատեհ առիթը՝ պահանջելու, որ արցախցիները և ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP 29-ը», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով, - «Այլազգիներն ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, Հայաստանի իշխանությունը լուռ է։ Եվ իրոք, ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը լուռ, ինչո՞ւ պահանջ չի հնչեցնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր խմբակցությունները գերիների ազատ արձակման հարցով հրատապ նիստ են նախաձեռնում

Այս հանգամանքը, ըստ դաշնակցական պատգամավորի, խանգարում է ամբողջ աշխարհում իրականացվող համահայկական կառույցների, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակների լոբբիստական աշխատանքներին։

Իշխանության արձագանքը

«Քաղաքացիական պայմանագրից» ընդդիմադիրներին հակադարձեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով՝ հայտարարություն ընդունելով չէ, որ պետք է գերիներին վերադարձնեն, այլ դիվանագիտական աշխատանքով։ Ռուբինյանը միաժամանակ մեղադրեց ընդդիմությանը ռազմագերիների հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

«Ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, և դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունն Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի», - հայտարարեց նա։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը քաղաքական ամոթ որակեց Ռուբինյանի մեղադրանքը. - «Օգտագործելով «թքած ունեք» բառը՝ Դուք չհարգեցիք այս ամբիոնը, ավելին՝ Դուք արհամարհեցիք այս ամբիոնը։ Ի՞նչն է այստեղ ընդդիմության քաղաքական շահը, հայ ժողովրդի շահն է այստեղ արտացոլված»։

Իշխանական Հակոբ Արշակյանը հավելեց. - «Պարո՛ն Մինասյան, այդպիսի գիրք կա՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը», ինքը հայհոյանք չի էլի, որ վիրավորվում եք»։

Չնայած ընդդիմադիրների բացատրություններին և հիմնավորումներին՝ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ ընդդիմության նախագիծը չի լուծում գերիների վերադարձի հարցը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ։

«Այստեղ նշվեց, որ COP-ը լավագույն առիթն է, որ մենք հանդես գանք այս նախաձեռնությամբ։ Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որպեսզի զբաղվի այս հարցով։ Մենք այս հարցով զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն

Միգուցե իսկապես վախենում են որևէ բան ասել. Արմեն Ռուստամյան

Քվեարկությունից հետո ընդդիմությունը հայտարարեց՝ շոկի մեջ են։ «Ես չէի պատկերացնի, որ ժողով, որը կոչվում է ՀՀ Ազգային ժողով, այս հարցը կարող է ոչ միայն դարձնի իմ ու քո հարց, այլև մերժի։ Ինձ մոտ խորանում է արդեն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, միգուցե իսկապես վախենում են որևէ բան ասել»։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ ռազմագերի է պահվում, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նրանց շարքում են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի դաշնակցական ղեկավար Դավիթ Իշխանյանը։ Նաև սա էր պատճառը, որ ընդդիմադիրներին խիստ վիրավորել էր ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե ընդդիմությունը «թքած ունի» հայ գերիների ճակատագրի վրա։