Ռամշտեյնի ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարին․ Ումերով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով, արխիվ

Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա 2025-ի հունվարին, նախօրեին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ումերովը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր պորտուգալացի գործընկեր Նունո Մելոյի հետ։

«Մենք կհանդիպենք հունվարին Ռամշտեյնի ձևաչափով հաջորդ հանդիպման շրջանակներում, մանրամասն կքննարկենք Ուկրաինայի և Պորտուգալիայի միջև համագործակցության ամրապնդման հետագա քայլերը»,- հեռախոսազրույցից հետո Տելեգրամում գրել է Ումերովը։

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ հանդիպումը կկայանա մոտակա շաբաթների ընթացքում, սակայն հստակ օր չէր նշել։

Զելենսկին «հաղթանակի ծրագիրը» պետք է ներկայացներ Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբին հոկտեմբերի 12-ին Գերմանիայում՝ «Ռամշտեյնի» գագաթնաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սակայն այդ հանդիպումը հետաձգվեց, քանի որ Բայդենը «Միլթոն» փոթորիկով պայմանավորված չեղարկեց այցը Գերմանիա։ Զելենսկին էլ շրջեց եվրոպական երկրներով՝ ղեկավարներին ներկայացնելով ծրագիրը։

Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների ներկայացուցիչների հանդիպումներն անցկացվում են Գերմանիայում՝ ԱՄՆ-ի «Ռամշտեյն» ավիաբազայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին «հաղթանակի ծրագիրը» ներկայացրեց Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, այսօր կմեկնի Բեռլին