Արցախ հայերի վերադարձի մասին Հարիսի հայտարարությունը քաղաքագետն ընտրապայքարի մաս է համարում

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիս, օգոստոս, 2024թ.

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունության վերականգնման համար, ամերիկահայերին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը։

Հայաստանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի շնորհավորանքը Հայ դատի հանձնախումբը ժամեր առաջ հրապարակեց։ Ընդ որում՝ Հարիսը որպես ԱՄՆ փոխնախագահ է ստորագրել սեպտեմբերի 23-ով թվագրված տեքստը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - ասված է ուղերձում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

Թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է տեսնում արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, նախագահական մրցապայքարում գտնվող թեկնածուն իր ուղերձում չի պարզաբանել։ Ավելի վաղ էլ այդ հարցին հրապարակային չի անդրադարձել։

«Ամերիկացի և ոչ միայն ամերիկացի պաշտոնյաները որևէ կոնկրետ մեխանիզմ չեն նկարագրում, թե ինչպես պետք է այդ վերադարձը տեղի ունենա, որովհետև եթե զուտ միայն վերադարձի իրավունքի մասին ենք խոսում, Ադրբեջանը ևս չի մերժում այդ իրավունքը, հայտարարում է, որ արցախցիները կարող են ստանալ ադրբեջանական անձնագրեր և վերադառնալ Լեռնային Ղարաբաղ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ շարունակելով. - «Եթե խոսքը գնում է միջազգային ճնշման մասին, միջազգային մեխանիզմներով, անվտանգության ապահովման մեխանիզմներով վերադարձի մասին, այստեղ գործ կունենայինք այլ խնդրի հետ: Բայց այդպիսի դետալներ, իհարկե, այդ հայտարարություններում չկան»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին Հարիսի հայտարարությունը Գրիգորյանը նախընտրական պայքարի մաս է համարում. - «Համառ պայմաններում ընթացող ընտրապայքարում, երբ հատկապես այդ առանցքային նահանգներում, որտեղ չկողմնորոշվածների քանակը մեծ է, ամեն մի ձայն ունի մեծ նշանակություն, և հայ համայնքի ձայները, իհարկե, կարող են դեր խաղալ նաև, ազդեցություն ունենալ նաև վերջնարդյունքի վրա»:

Վերջին հարցումները ցույց են տալիս՝ Հարիսն իր հանրապետական մրցակցին գրեթե հավասար ձայներ ունի։ CNN-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ հավանական ընտրողների 48 տոկոսը Հարիսին է սատարում, իսկ Թամփին՝ 47 տոկոսը։

«Կարծում եմ՝ մենք մի հետաքրքիր գործընթացի ականատեսն ենք դառնում, երբ Ցեղասպանության հարցին աստիճանաբար փոխարինելու է գալիս հենց այդ վերադարձի իրավունքի վերաբերյալ հայտարարությունների հարցը», - ասաց քաղաքագետը:

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր թիմակից Հարիսի, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված ուղերձում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցին չի անդրադարձել։ Նա խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին, շեշտել՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն բարձրացնելու մասին

Քամալա Հարիսի ուղերձում էլ այդ շեշտադրումները կան: ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածուն ասել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

«Կշարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում», - ասված է ուղերձում:

Մինչ ԱՄՆ փոխնախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձից, իր վերջին ասուլիսում վարչապետը դա անիրատեսական էր համարել։

«Էն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, ես դա ուղիղ պետք է ասեմ իրատեսական չեմ համարում», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Արցախցիների վերադարձի հարցը ներառված չէ հայ - ադրբեջանական բանակցություններում։