Պուտինը կրկին սպառնում է միջուկային զենքով․ ըստ փորձագետների՝ հավանական է, որ բլեֆ է

Ռուսաստանը փորձարկում է «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռը, արխիվ

Հեղինակներ՝ Մայք Էքել և Թոդ Փրինս

Ռուսաստանում օրերս միջուկային զինատեսակներից մեկի հետ լուրջ միջադեպ տեղի ունեցավ, որն ուղեկցվեց պայթյունով։ Ռուսաստանի միջմայրցամաքային ժամանակակից բալիստիկ հրթիռներից մեկը՝ «Սարմատը», որով Պուտինը հաճախ է պարծենում, սեպտեմբերի 20-ին անբացատրելի կերպով պայթեց, և, ըստ արբանյակներից ստացված պատկերների, հողին հավասարեցրեց Պլեսեցկի հրթիռների արձակման օբյեկտի փորձարկման տեղանքի ծառերը, շենքերը՝ այրելով նաև հողը։

Պայթյունից ընդամենը հինգ օր առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Կրեմլը վերանայում է միջուկային զենքի գործարկման կանոնները, և որ այսուհետ Կրեմլը կարող է այդ քայլին դիմել նաև այն դեպքում, երբ հակառակորդը Ռուսաստանին հարվածի սովորական սպառազինությամբ։

Սեպտեմբերի 25-ի Անվտանգության խորհրդին ուղղված իր ելույթում, որը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ՝ Կրեմլից դուրս՝ աշխարհի ուշադրությունն առավելագույնս գրավելու համար, Պուտինը որևէ կերպ չհիշատակեց «Սարմատի» պատահարը: Սակայն նա հոգ տարավ, որ աշխարհը՝ առաջին հերթին ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, լսեն այն, ինչ նա ցանկանում էր. Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը:

«Փաստաթղթի թարմացված տարբերակով առաջարկվում է, որ Ռուսաստանի դեմ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից՝ միջուկային զենք ունեցող պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ, պետք է դիտարկել որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա», - ասաց նա։

2022-ի փետրվարից ի վեր, երբ տասնյակ հազարավոր զինծառայողներ ուղարկեց Ուկրաինա, Պուտինը բազմիցս է ակնարկել, ազդարարել, ձևականորեն վախեցրել և սպառնացել, որ Ռուսաստանն իրեն պաշտպանելու համար պատրաստ է գործի դնել միջուկային զինանոցը, որն աշխարհում ամենամեծն է։
Պուտինը դեռ չի դիմել այդ քայլին: Բայց նա և Ռուսաստանի մյուս պաշտոնյաները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել, մի մասը՝ քողարկված, մի մասը՝ բացահայտ։ Եվ դա հանգիստ չի տալիս սպառազինությունների վերահսկման փորձագետներին, ռազմական վերլուծաբաններին և քաղաքականություն մշակողներին։

«Քանի դեռ Մոսկվան փաստացի չի հրապարակել մանրամասները, դժվար է հասկանալ, թե ինչ է փոխվել, եթե առհասարակ որևէ բան փոխվել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ռուս նախկին դիվանագետ, սպառազինությունների վերահսկման հարցերով բանակցող Նիկոլայ Սոկովը, որն այժմ աշխատում է Միջուկային զենքի չտարածման և զինաթափման Վիեննայի կենտրոնում։ Փորձագետը միաժամանակ կարծիք է հայտնել, թե այդ հայտարարությամբ Կրեմլն ուզում էր նախազգուշնել ՆԱՏՕ-ին, որը շարունակում է քննարկել արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու հնարավորությունը։

Պուտինի ելույթի հաջորդ օրը Կրեմլի խոսնակը հաստատել է այս վարկածը․ «Դա պետք է դիտարկել որպես կոնկրետ ազդանշան, որը զգուշացնում է այդ երկրներին հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը», - ասել է Պեսկովը։

«Այս դոկտրինը կենդանի գործիք է»

Սերունդներ շարունակ խորհրդային, այժմ էլ ռուս քաղաքական գործիչներն իրենց ռազմական և արտաքին քաղաքական գործիքակազմում ապավինում են ռազմավարական զսպման գործիքին՝ փորձելով ստիպել մեկ այլ երկրի անել այն, ինչ ցանկանում է Մոսկվան՝ սպառնալով միջուկային զենքի հնարավոր կիրառմամբ:

Վերջին տասնամյակում Պուտինը նկատելիորեն ավելացրել է երկրի զինված ուժերի ֆինանսավորումը, ներառյալ միջուկային զինանոցը: Դա ներառում է նոր մոդելներ, ինչպիսին է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը գործարկվել է՝ չնայած նախորդիվ տեղի ունեցած առնվազն երեք ձախողումներին, ինչպես նաև հիպերձայնային զենքեր և միջուկային շարժիչով թևավոր հրթիռներ:

Ռուսաստանի զինանոցը՝ և՛ ռազմավարական զենքերը, ինչպիսին են հեռահար հրթիռները, և՛ պակաս հզոր մարտավարական զենքերը, ինչպիսին են միջուկային մարտագլխիկներով հրետանային արկերը, այժմ ամենամեծն է աշխարհում։ Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է։

2020-ին ՌԴ պաշտոնյաները հրապարակեցին միջուկային դոկտրինի թարմացված տարբերակը, թեև լուրջ փոփոխություններ դրանում չկային։ Ըստ այդմ, Մոսկվան կարող է օգտագործել իր միջուկային զինանոցը «ի պատասխան իր և/կամ դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ կանոնավոր սպառազինության կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է»։

Փորձագետներից շատերն են վերլուծում՝ ինչ ասել է գոյության սպառնալիք պետության համար. ըստ այդ մեկնաբանությունից մեկի՝ միջուկային պատասխանի արժանի սպառնալիք կարող է համարվել, օրինակ, Պուտինի և նրա կառավարության դեմ ժողովրդական ընդվզումը:

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի, Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ ռուսական սպառնալիքները բավական լուրջ էին 2022-ի փետրվարյան ներխուժմանը հաջորդած ամիսներին։ Նա ասում է, որ իր ռուս գործընկերոջը զգուշացրել է, որպեսզի զերծ մնան նման քայլից։
Սակայն հակամարտության ընթացքում մի շարք իրադարձություններ, ըստ երևույթին, լղոզել կամ նույնիսկ ջնջել են այդ կարմիր գծերի մի մասը՝ լրացուցիչ անորոշություն ավելացնելով Մոսկվայի ծրագրերի վերաբերյալ արևմտյան պատկերացումներին:

Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վաղ նախազգուշացման ռադարների վրա հարձակվելու համար, որոնք օգտագործվում էին հեռահար հրթիռների արձակումը հայտնաբերելու նպատակով, վախեցրեց Արևմուտքում քաղաքականություն մշակողներին, քանի որ դա կարող էր համարվել սպառնալիք Ռուսաստանի ռազմավարական պաշտպանությանը, ինչպես նշված է դոկտրինում:

Պուտինը հայտարարել է, որ միջուկային դոկտրինը կտարածվի ուկրաինական այն տարածքների վրա, որոնք Կրեմլը պնդում է, որ բռնակցել է (թեև ոչ մի այլ երկիր դրանք չի ճանաչել որպես ռուսական տարածքներ): Ուկրաինան շարունակում է այդ օկուպացված տարածքներից շատերում հարվածներ հասցնել ռուսական ուժերին, այդ թվում՝ Արևմուտքից մատակարարվող զենքով, և Կիևի հայտարարված նպատակն է հետ վերցնել Ռուսաստանի կողմից գրավված ողջ տարածքը:

Օգոստոսին ուկրաինական ուժերն անցան ռուսական սահմանն ու համարձակ ներխուժում կատարեցին Կուրսկ: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ռուսաստանի տարածք օտար ուժերի ամենամեծ ներխուժումն էր, և հնարավոր է, որ այն բավարարում էր միջուկային զենքի կիրառման մասին դոկտրինում նշված պայմաններին:

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն այժմ դիտարկում են Ուկրաինայի խնդրանքները, որպեսզի թույլ տրվի արևմտյան երկրների տրամադրած հեռահար հրթիռների կիրառմամբ Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներ խոցել, ինչից Մոսկվան նախազգուշացրել է զերծ մնալ:

Ազգային անվտանգության խորհրդի նիստին Պուտինի մեկնաբանությունները հեռուստատեսությամբ հեռարձակելու Կրեմլի որոշումը վկայում է, որ նրանք ցանկանում էին ուղերձ հղել: Եվ դա տեղի ունեցավ Սպիտակ տուն Զելենսկիի մեկնելուց մեկ օր առաջ, որտեղ, ի թիվս այլ բաների, ակնկալվում էր, որ նա կխնդրեր, որպեսզի Ուկրաինային թույլ տրվի հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին։

Սակայն Պուտինն իրականում չհստակեցրեց ոչ այն, թե արդյոք դոկտրինը պաշտոնապես թարմացվել է, և ոչ էլ այն, թե արդյոք առաջարկը, որ Ռուսաստանի վրա սովորական հարձակումը մի երկրի կողմից, որն ստանում է միջուկային զենք ունեցող մեկ այլ երկրի աջակցությունը, իրականում կարժանանա միջուկային պատասխանի, թե՝ ոչ:

Ըստ Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի Զինաթափման խնդիրների հետազոտման ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Պոդվիգի՝ Պուտինի խոսքերը չեն նշանակում, որ դոկտրինն էականորեն փոխվել է։

«Իրականում, եթե ուշադիր նայեք և ուսումնասիրեք խնդրի պատմությունը, ապա իսկապես այդքան շատ փոփոխություններ չկան», - ասել է Պոդվիգը Current Time-ին տված հարցազրույցում:
«Առայժմ ամեն ինչ մնում է միայն հայտարարությունների մակարդակում, իսկ էսկալացիայի ուղղությամբ իրական քայլեր մենք չենք տեսել,- ասել է նա,- Առայժմ, կարծում եմ, մենք պետք է զգոն լինենք, բայց, մյուս կողմից, չպետք է չափազանց կտրուկ արձագանքենք»:

«Անկասկած, ավելի կոնկրետություն կա,- ասում է Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի քաղաքականության ավագ վերլուծաբան Սյաոդոն Լիանգը,- Սրա մասին Ռուսաստանի կողմից հնչող միջուկային ամենօրյա սպառնալիքներից առանձին պետք է մտածենք»:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին խորհրդական, այժմ Վաշինգտոնի «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին ասում է, որ Պուտինի մեկնաբանությունները մասամբ ուղղված էին ամերիկացիներին՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել: Նա «շատ խորաթափանց քաղաքական գործիչ է և հասկանում է, թե միջուկային զենքի հարցն ինչ դեր է խաղում Միացյալ Նահանգների ներքին բանավեճում», - նշել է Քոֆին:

«Նա քարոզչության և տեղեկատվական պատերազմի վարպետ է: Այն, ինչ այսօր հայտարարեց Պուտինը, իրականում մեծ շեղում չէր ռուսական դոկտրինից, գուցե նա ավելի նրբորեն ձևակերպեց հարցը, երբ միջուկային պետությունն աջակցում է ոչ միջուկային պետությանը, որը հարձակվում է Ռուսաստանի վրա», - ասել է «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատողը: