Պուտինը Հիշատակի և վշտի օրը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին

Արտապատկերում Կրեմլի հրապարակած տեսանյութից, որ տարածել են ռուսաստանյան լրատվամիջոցները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ Հիշատակի և վշտի օրը, ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին Մոսկվայի Ալեքսանդրյան պարտեզում՝ Կրեմլի պատի տակ:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները նշում են, որ այս արարողությանն ավանդաբար մասնակցում են պատերազմի վետերանները, պետական պաշտոնյաները և զինծառայողները: Նրանք ծաղիկներ են դնում Հավերժական կրակի հուշահամալիրում, ինչպես նաև Հերոս քաղաքների և Ռազմական փառքի քաղաքների ծառուղում գտնվող հուշակոթողների մոտ:

1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան նացիստական Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, ինչով նշանավորվել է Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։

1992 թվականին Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ այս օրը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանների հիշատակի օր։ 1996-ին՝ Հիշատակի և վշտի օր։