Պուտինն է՛լ ավելի է պարզեցրել ՌԴ մուտքը Վրաստանի քաղաքացիների համար

Ռուսաստան - «Վրացական ավիաուղիներ»-ի օդանավը վայրէջք է կատարում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով Վրաստանի քաղաքացիների համար պարզեցրել է երկիր մուտքի և ելքի ընթացակարգը։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Համաձայն փաստաթղթի, անցյալ տարի սահմանված՝ Ռուսաստան մուտքի առանց վիզայի ռեժիմն այժմ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ժամանում են երկիր «ժամանակավորապես՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, կամ ավելի քան 90 օր ժամկետով՝ այդ թվում կրթություն ստանալու նպատակով»։

"Эхо Кавказа"-ն նշում է, որ նախկինում այդ նպատակով ժամանող Վրաստանի քաղաքացիները պիտի վիզա ստանային:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 10-ից:

Պուտինը 2000 թվականին Վրաստանի քաղաքացիների համար մտցված վիզային ռեժիմը չեղարկել էր 2023-ի մայիսի 15-ին: Այդ ժամանակ էլ վերականգնվել է Ռուսաստանի ու Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը: ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Վրաստան առանց վիզայի: Սակայն դիվանագիտական հարաբերություններ երկրների միջև չկան:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։ Իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարևորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։ Ընդդիմությունն, իր հերթին, իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու մեջ։

ԵՄ երկրները և ԱՄՆ-ը մեծ աղմուկ հանած «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից և Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկում վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները՝ պատժամիջոցներ սահմանել երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպական խորհրդարանը Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեցՎրաստանի ՍԴ-ն չկասեցրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ԵՄ գագաթնաժողովի նախագիծը վճռական աջակցություն է հայտնում Ուկրաինային, Մոլդովային, զգուշացնում Վրաստանին