«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում՝ Կառավարության նիստին զուգահեռ: Վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մեքենաներով բոլոր կողմերից մուտք են գործել Հանրապետության հրապարակ:
Կառավարության շենքը մի քանի շարքով ոստիկանական պատն է հսկում:
Հրապարակ տանող բոլոր փողոցները ոստիկանությունը փակել է:
Ոստիկանները պարբերաբար բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Թե քանի հոգի է բերման ենթարկվել, այս պահին տեղեկություն չկա:
Չնայած ճանապարհը բացելու ոստիկանության հորդորներին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ մնալու են այստեղ ու իրենց պահանջը հասցնելու են կառավարությանը:
Նա կառավարության շենքը որակեց «բանտ»՝ նկատի ունենալով, որ եթե առաջ վարչապետ Փաշինյանը կարողանում էր հեծանիվով շրջել մարդկանց մեջ, հիմա նա փակվել է այս շենքում ու դուրս չի գալիս՝ հանդիպելու ժողովրդի հետ:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը՝ Բագրատ սրբազանն ասաց, որ քննարկել են աղետի գոտի օգնություն ուղարկելու հարցը:
Լրագրողների ճշտող հարցերին՝ արդյոք Ծառուկյանը չի՞ հայտնել իր աջակցությունը շարժմանը, արքեպիսկոպոսը խուսափեց պատասխանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Ծառուկյանն իր տանը հյուրընկալել է Բագրատ սրբազանինԿիրակի օրը տեղի ունեցած հանրահավաքին հայտարարվեց, որ Բագրատ Գլաստանյանն է շարժման վարչապետի թեկնածուն և դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից նախօրեին հայտնեցին, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։