Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց միջուկային դոկտրինում փոփոխությունները։
Փոփոխությունների համաձայն՝ Ռուսաստանի նախագահն է կայացնում միջուկային զենք կիրառելու որոշումը, միջուկային զենքին չտիրապետող պետության հարձակումը, որն իրականացվում է միջուկային որևէ պետության աջակցությամբ Մոսկվան դիտարկելու է որպես «համատեղ ագրեսիա»։ Նորացված փաստաթղթով՝ միջուկային սպառազինություն կարող է կիրառվել նաև Բելառուսի դեմ հարձակման ժամանակ, ինչպես նաև ի պատասխան Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման։
Նշվում է, որ դոկտրինը «պաշտպանական բնույթ» է կրում։
Սեպտեմբերի վերջին Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը փոխում է միջուկային դոկտրինը և որ Կրեմլն այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ:
Պուտինը որպես սպառնալիք նշել էր հավաստի տեղեկատվությունը օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և պետական սահմանը հատելու մասին։ Խոսքը, Ռուսաստանի նախագահի պարզաբանմամբ, ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի, հիպերձայնային հրթիռների և այլ ինքնաթիռների մասին է:
Մոսկվան այս մասին վերջին անգամ խոսեց այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում էր Միացյալ Նահանգներ՝ քննարկելու արևմտյան հեռահար զենքով Ռուսաստաnին հարվածելու հնարավորությունները։
Նոյեմբերի 17-ին արևմտյան լրատվամիջոցներն արդեն գրեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին։ Վաշինգտոնն ու Կիևը չեն հաստատել տեղեկությունը։
Մոսկվան հայտարարել է, որ այդ հարվածները դիտարկելու է որպես ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն Ռուսաստանի հետ պատերազմին՝ սպառնալով կոշտ պատասխանով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ Բորել