Պուտինը չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք Մեծ 20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ այսօրվա հանդիպմանը ասել է, որ Բրազիլիայում այս տարի կայանալիք Մեծ 20-ի հանդիպմանը չի գնա, որպեսզի չխաթարվի գագաթնաժողովը։

Միաժամանակ նա ասել է, թե Միջազգային քրեական դատարանը ունիվերսալ նշանակություն չունի՝ այն չեն ճանաչում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը։ Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի որոշումները շատ հեշտ է շրջանցել՝ բավական է ստորագրել երկկողմ համաձայնագրեր, և որ Բրազիլիայի հետ նման համաձայնագիր ստորագրելու դեպքում դատարանի օրդերի հետ կապված հարց չի լինի։ Ամեն դեպքում Պուտինը հավելել է՝ Բրազիլիա չի գնալու։

2023 թվականին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Ուկրաինայի հետ կապված նա հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Ուկրաինայում միջուկային զենք հայտնվի, և այդ ուղղությամբ ցանկացած քայլ կհանդիպի համապատասխան ռեակցիայի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միակ այլընտրանքը կարող է լինել միջուկային զենք ունենալն, այլապես անհնար կլինի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։

Զելենսկին Եվրամիության առաջնորդներին է ներկայացրել Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը», որը բաղկացած է հինգ կետից։