Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ իրենց տանը ճաշել են երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սա Պուտին-Ալիև երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականի ընթացքում։
Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ Պուտինի այցի պաշտոնական ծրագրերը մեկնարկում են այսօր։ Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով, օրակարգում ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլ նաև տարածաշրջանային, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր են։ Բանակցություններից հետո երկու պետությունների ղեկավարնեը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև միջկառավարական և այլ փաստաթղթեր կստորագրեն։
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտին-Ալիև հանդիպման համար նախապատրաստված նյութերին։
Ռուսական պետական լրատվամիջոցը նաև նշում է, որ ըստ այդ նյութերի, «առանցքային խնդիրներից են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 թվականներին հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Կրեմլ