Պուտինն առաջարկում է հրթիռային «մենամարտ» անցկացնել ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանը պատրաստ է «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով Կիևին հարվածելուն, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահn ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը, որի ժամանակ ավելի քան 2 մլն հարց էր ստացվել:

Վլադիմիր Պուտինը վստահեցրեց, որ «Օրեշնիկ»-ը, որն արդեն կիրառվել է Ուկրաինային հարվածելու համար, նոր զենք է և հնարավոր չէ խոցել, ապա առաջարկեց հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:

«Եթե արևմտյան փորձագետները կարծում են, որ «Օրեշնիկ»-ը կարող է խոցվել, ապա թող մեզ և նրանց, ովքեր Արևմուտքում իրենց վճարում են, առաջարկեն 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական մենամարտ անցկացնել, թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը պնդեց, որ ռուսական զորքը ճակատի ողջ երկայնքով ամեն օր առաջ է գնում, ընդորում՝ կիլոմետրերով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «Օրեշնիկ»-ի նոր թիրախներ է ընտրում, Թրամփն Ուկրաինայի հարցով ներկայացուցիչ առաջադրում

«Խոսքը հարյուր, երկու հարյուր կամ երեք հարյուր մետրերով առաջխաղացման մասին չէ: Մեր մարտիկները վերցնում են, վերադարձնում են տարածքը քառակուսի կիլոմետրերով: Ցանկանում եմ ընդգծել՝ ամեն օր... Մարտական գործողությունները բարդ երևույթ են, այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսում անել, և կարիք էլ չկա: Սակայն մենք շարժվում ենք դեպի սկզբնական առաջադրանքների իրագործմանը, որոնք մեր առջև դրել էինք ռազմական հատուկ գործողության ժամանակ», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը խոստացավ, որ Կուրսկի շրջանից ուկրաինացիներին հեռացնելուց հետո այնտեղ ամեն ինչ վերականգնեն, թեև չասաց, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Ըստ նրա՝ Կուրսկում ոչնչացված ուկրաինական զինտեխնիկայի քանակը գերազանցել է ամբողջ տարվա ընթացքում այլ շրջաններում ոչնչացված տեխնիկայի քանակին։ Պուտինի խոսքով՝ Կուրսկում է գտնվում ՆԱՏՕ-ի զինտեխնիկայի, ինչպես ինքը ձևակերպեց, աշխարհի ամենամեծ գերեզմանոցը։

«Մոսկվան պատրաստ է փոխզիջման գնալ Թրամփի հետ Ուկրաինայի պատերազմի հարցում»

Պուտինը վստահեցրեց, որ Մոսկվան նախապայմաններ չունի և պատրաստ է ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա և տեղում իրողությունները հաշվի առնելով՝ խաղաղության համաձայնագիր կնքել Կիևի ցանկացած լեգիտիմ իշխանության, նույնիսկ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն Ուկրաինայի ներկայիս իշխանություններն, ըստ նրա, լեգիտիմ չեն:

«Եթե ոչ ռեժիմի ղեկավարի հետ, ապա էլ ո՞ւմ հետ բանակցել։ Գիտե՞ք, եթե ինչ-որ մեկն ընտրվի, լեգիտիմություն ստանա, մենք կխոսենք ցանկացածի հետ, այդ թվում՝ Զելենսկու... Պարզապես մենք կարող ենք փաստաթուղթ ստորագրել միայն նրանց հետ, ովքեր լեգիտիմ են», - նշեց Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը նաև հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է փոխզիջման գնալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի պատերազմի հարցում. - «Ի՞նչ կարող եմ առաջարկել նորընտիր նախագահ Թրամփին, երբ հանդիպենք, նախ՝ չգիտեմ, թե երբ կհանդիպենք, քանի որ նա այդ մասին ոչինչ չի ասում։ Ես նրա հետ չեմ խոսել ավելի քան չորս տարի և պատրաստ եմ դրան, իհարկե, ցանկացած պահի պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա ցանկանա»։

Ռուսաստանի նախագահն, անդրադառնալով օրերս Ռուսաստանի միջուկային, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությանը, հայտարարեց, որ դա ահաբեկչական գործողություն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն՝ Մոսկվայում. սպանվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը

«Ինչո՞ւ, որովհետև սա սպանություն է, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Կիևի ռեժիմը բազմիցս կատարել է նման հանցագործություններ, ահաբեկչական հանցագործություններ, ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ: Եվ հիմա Կուրսկում են կրակում խաղաղ բնակիչների վրա», - նշեց Վլադիմիր Պուտինը:

Հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են Սիրիայում իրավիճակը. Պուտին

Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, որոնց արդյունքում վերջ տրվեց Բաշար Ասադի տասնամյակների պաշտոնավարմանը, Պուտինը նախ դատապարտեց Իսրայելի կողմից սիրիական տարածքի զավթումը, ապա հավելեց, որ Հալեպը պաշտպանում էր 30 հազար զինվոր, սակայն նրանք առանց կռվի հանձնվեցին, երբ քաղաք մտավ հակառակորդի ընդամենը 350 զինվոր։ Ըստ նրա՝ նույնը տեղի ունեցավ ողջ Սիրիայում։

«Իհարկե, մենք ակնկալում ենք խաղաղություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Մենք հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են այնտեղ իրավիճակը, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենք հետաքրքրված են, որպեսզի մենք Սիրիայում պահենք մեր ռազմաբազաները, չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին, քանի որ պետք է ինքներս որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են իրավիճակը այդ երկրում և կվերահսկեն ապագայում», - ասել է նա։

Պուտինը նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում ապաստանած Բաշար Ասադին, սակայն առաջիկայում պլանավորում է հանդիպել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է․ Ռյաբկով