«Պուտինի պալատ», «Պիկասո» ու քրգործեր. ո՞վ է «Սբերբանկ»-ի նոր փոխնախագահը

Իտալացի ճարտարապետ Լանֆրանկո Չիրիլլո

Ռուսական անձնագիր ունեցող իտալացի Լանֆրանկո Չիրիլլոն հիմնականում հայտնի է որպես Գելենջիկում գտնվող «Պուտինի պալատի» ճարտարապետ։

«Ազատության» հետաքննական ծրագիրը՝ «Սիստեմա»-ն, պարզել է, որ Չիրիլլոյի պորտֆոլիոն ներառում է ևս մեկ խոշոր նախագիծ՝ Պուտինի նստավայրը բռնակցված Ղրիմում։ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող այս նախագծերից բացի Չիրիլլոն նաև հարուստ քրեական պատմություն ունի․ Իտալիայում նա մեղադրվում է հարկային հանցագործությունների մեջ, իսկ Ռուսաստանում նրա հետ կապված ընկերությունը բռնվել է ֆինանսական խարդախություն կատարելիս: Չնայած այս ամենին՝ վերջերս Չիրիլլոն նշանակվել է «Սբերբանկ»-ի փոխնախագահ և այդ պաշտոնում բազմամիլիարդանոց նախագծեր է ղեկավարելու։

Օգոստոսի 1-ին մինչ աշխարհն ուշի-ուշով հետևում էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների լայնածավալ փոխանակմանը, «Սբերբանկ»-ը մամուլի կարճ հաղորդագրություն հրապարակեց։ Դրանում նշվում էր, որ պետական բանկի ղեկավարությանը միացել է նոր փոխնախագահ, ինչը գերիների փոխանակման ֆոնին բավականին աննկատ իրադարձություն էր։ Այդուհանդերձ, հայտարարությունը մի քանի արտասովոր մանրամասներ էր պարունակում. պաշտոնում նշանակված անձն ուներ իտալական անուն և պետք է ղեկավարեր նորաստեղծ և բանկին ոչ բնորոշ՝ Շինարարական բաժինը։ «Սբերբանկ»-ի նախագահ Հերման Գրեֆն անձամբ ողջունեց թիմի նոր անդամին՝ ընդգծելով «ոճի նրա գերազանց զգացումը»։

«Շինարարության մասնաճյուղը կգլխավորի Լանֆրանկո Չիրիլլոն` աշխարհահռչակ ճարտարապետ, որի պորտֆոլիոում բազմաթիվ գլուխգործոցներ կան», - հայտարարել էր Գրեֆը։

Լանֆրանկո Չիրիլլոն իսկապես հայտնի է ամբողջ աշխարհում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Գելենջիկում գտնվող պալատն է, որը հետաքննող լրագրողների համոզմամբ, պատկանում է նախագահ Պուտինին: Այս «գլուխգործոցի» շնորհիվ լրագրողները Չիրիլլոյին հաճախ անվանում են «Պուտինի ճարտարապետ»։

«ԵՍ ՌԴ քաղաքացի եմ, և Ռուսաստանի բնակչության 92-93 տոկոսի նման՝ սիրում եմ մեր նախագահին»․ սա Չիրիլլոյի վերջին հարցազրույցն է «Դոժդ»-ին։

Դրանից վեց տարի առաջ էլ նույն հեռուստաընկերության հետ զրույցում նա պնդել էր, թե «իսկական ռուս աշխատավոր է, բնիկ մոսկվացի»։

65-ամյա Չիրիլլոյին ռուս և մոսկվացի անվանելը, սակայն, չափազանցություն կլինի․ նա ծնվել է իտալական Տրևիզո քաղաքում, ավարտել Վենետիկի համալսարանը, սկզբում աշխատել է Իտալիայում՝ որպես կահույքի և ինտերիերի դիզայներ: Մոսկվայում Չիրիլլոն հայտնվել է պատահաբար՝ 1993-ին։ Ընկերներից մեկը նրա համար հաճախորդ էր գտել, որը ցանկանում էր «փոքր ամառանոց» կառուցել մեծահարուստների թաղամասում՝ Ռուբլյովկայում:

Առաջին հաճախորդը նրան ծանոթացրել է «Լուկոյլ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի հետ, հետո իտալացու հաճախորդների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով կորպորատիվ կառույցներ՝ «Լուկոյլ», «Գազպրոմ», «Նովատեկ»:

Մոսկվա ժամանելուց մի քանի տարի անց արդեն Չիրիլլոն գրասենյակ է բացել Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատում, տարեկան ստանալով միլիոնների պատվերներ։ Չիրիլլոյի ստեղծագործության գագաթնակետը կարելի է համարել Գելենջիկում կառուցված դղյակը։

Պուտինի առանձնատունը Գելենջիկում

Իտալացին չի թաքցնում՝ ինքն է հեղինակը, բայց պնդում է՝ պատվերը Պուտինը չի տվել, պատմությունը հորինված է, և դրա պատճառով են Իտալիայի իրավապահները նրան 2022-ին մեղադրանք առաջադրել՝ հարկերից խուսափելու և ֆինանսական խարդախությունների համար։

Պուտինի առանձնատունը Գելենջիկում

Չիրիլլոն մեղադրանքը չի ընդունում, սակայն հայտնի է, որ Իտալիայում նրա առանձնատների խուզարկության ժամանակ Իտալիայի ֆինանսական գվարդիան ընդհանուր 141 մլն եվրոյի ակտիվներ է առգրավել, այդ թվում՝ անձնական ուղղաթիռ, Պիկասոյի, Սեզանի ու Կանդինսկու հեղինակած կտավներ:

Չիրիլլոն, որը խուզարկությունների ժամանակ Իտալիայում չէր, հայտարարեց, որ Իտալիայի հարկային մարմինները չպետք է հարցեր ունենան իրեն, քանի որ ինքն ավելի քան 30 տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում, որտեղ «միշտ հարկեր է վճարել»։ Սակայն պարզվում է՝ ճարտարապետին հարցեր կարող են ունենալ նաև Ռուսաստանի հարկային մարմինները։ Ինչպես պարզել է «Սիստեմա»-ն, Չիրիլլոն նաև Ռուսաստանի հարկային մարմինների տեսադաշտում է հայտնվել, և նրա հետ առնչվող ընկերությունը կասկածվում է ավելի քան 500 մլն ռուբլի (5,4 մլն դոլար) հարկային խարդախության մեջ։ Հարկային պահանջները վերաբերում են Պուտինի սևծովյան մեկ այլ նստավայրին, այս անգամ՝ բռնակցված Ղրիմում:

Վերանորոգում՝ հետևանքներով

Ըստ «Վեստի Ղրիմ»-ի՝ 2019-ի ամռանը Վլադիմիր Պուտինը սովորականից երկար է մնացել Ղրիմում, որտեղ ՌԴ նախագահը նորոգված նստավայրում արված-չարվածն էր ստուգում։ Մասնագետները Միխայիլ Գորբաչովի նախկին ամառանոցը և ԽՄԿԿ նախկին գլխավոր քարտուղար, լուսահոգի Լեոնիդ Բրեժնևի ամառանոցը միավորել էին նախագահական մեկ համալիրում, կառուցել քոթեջներ նախագահի հյուրերի համար, ուղղաթիռի վայրէջքի հարթակ և զբոսանավի համար նախատեսված նավամատույց։ Ահա, այսպես էր նկարագրում կատարված աշխատանքը «Վեստի Ղրիմ»-ը։

Ղրիմի ամառանոցների վերանորոգման կապալառու նշանակվեց «Սթար-Յուգ» կառավարող ընկերությունը, որին վստահվեց դրանց «բարեկարգումը», տարածքի կանաչապատումը և նույնիսկ մարմարի ընտրությունը։

Պուտինի նստավայրը բռնակցված Ղրիմում 2018-ին՝ շինաշխատանքների ավարտից քիչ առաջ, լուսանկարն արվել է Google Earth-ով

Նոր սեփականատերը, ըստ պետական լրատվամիջոցի` «Վեստի»-ի, գոհ էր կատարված աշխատանքից։ Սակայն Պուտինի` Ղրիմ կատարած այցից անմիջապես հետո հարկային մարմինները խուզարկություն սկսեցին կապալառու՝ «Սթար-Յուգ» ընկերությունում, և մեղավոր ճանաչեցին` միջոցները ոչ նպատակային օգտագործելու համար։ Պահանջեցին 743 մլն ռուբլու (8,4 մլն դոլարի) լրացուցիչ հարկ ու տուգանք։ Ընկերությունը չհամաձայնեց աուդիտի արդյունքների հետ և փորձեց դրանք վիճարկել դատարանում:

Ինչո՞ւմ են հարկային մարմինները կասկածում «Սթար-Յուգ»-ին և ո՞ւմ կողմն է դատարանը


Հարկային մարմինները պարզել են, որ Ղրիմի պետական ամառանոցների վերակառուցման աշխատանքների մի մասը «Սթար-Յուգ»-ը փոխանցել է այլ կապալառուների, որոնք «չունեին ռեսուրսներ և միջոցներ` նշված աշխատանքը կատարելու համար»։ Իրականում «Սթար-Յուգ»-ն ինքն է կատարել աշխատանքը՝ ներգրավելով տեղի անհատ ձեռներեցների։ Ենթակապալառուների հետ պայմանագրերը եղել են շինծու և կնքվել են հարկերը նվազագույնի հասցնելու և ֆինանսական միջոցները «տեխնիկական» ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշիվներին փոխանցելու նպատակով», եզրակացրել են հարկային մարմինները։ «Սթար-Յուգ»-ի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքը, գործը վերանայել են երեք ատյանի դատարաններ, վերջինը՝ Վճռաբեկը, հարկային մարմինների կողմն է բռնել։ «Սթար-Յուգ»-ը հիմա փորձում է որոշումը բողոքարկել Գերագույն դատարանում։

Լանֆրանկո Չիրիլլո

Դատական գործով անցնում է նաև Լանֆրանկո Չիրիլլոն, թեև նիստերից ոչ մեկին չի ներկայացել։ Նա դատական փաստաթղթերում նշվում է որպես մերձմոսկովյան պահեստի սեփականատեր, որտեղ առաքվել են Պուտինի ղրիմյան նստավայրի կանաչապատման համար նախատեսված պարագաները։ Իրականում Չիրիլլոյին և «Սթար-Յուգ»-ին միայն պահեստը չէ, որ կապում է։ «Սթար-Յուգ»-ի հիմնադիրն ու մենեջերները նախկինում աշխատել են Չիրիլլոյի մոտ։ Մյուս կողմից, 2017-ին իտալացի ճարտարապետը «Սթար-Յուգ»-ից ուղղաթիռ է գնել 30 մլն ռուբլով (520 հազ․ դոլար), թեև երկու տարի առաջ «Սթար-Յուգ»-ն այն գնել էր ավելի քան երեք անգամ բարձր գնով՝ 105 մլն ռուբլով (1,6 մլն դոլար):

«Պատերազմի կողմնակի զոհ»

Չնայած քննությունը չի ավարտվել՝ «Սբերբան»-ը նրան մի ամբողջ մասնաճյուղի ղեկավարում է վստահել, որը 10 մլրդ դոլարի ներդրումներ է անում և 36 հազ․ աշխատակից ունի: «Մենք 137 նախագիծ ենք իրականացնում Ռուսաստանում, Հնդկաստանում և Չինաստանում: Կառուցում ենք առանձնատներ և հյուրանոցներ Սև ծովի ափին, հանգստավայր Սիբիրում՝ Մոնղոլիայի սահմանի մոտ»,- իտալական Corriere della Sera թերթին ասել է Չիրիլլոն: Ընդ որում այդ հարցազրույցը ռուսական պետական բանկի նորանշանակ թոփ-մենեջերը տվել է ՌԴ-ին բռնակցված Ղրիմից, որտեղ հանգստանում էր։

Այդ հարցազրույցից ավելի քան մեկ շաբաթ անց «Ազատության» «Սիստեմա»-ի լրագրողներն էլ են փորձել Չիրիլլոյից մեկնաբանություն ստանալ։ Ճարտարապետը, որ կրկին Ղրիմում էր այդ ժամանակ, պնդել է, թե «Սթար յուգ»-ի հետ կապ չունի, աշխատում է «Սբերբանկ»-ում, քանի որ պրոֆեսիոնալ է և տիրապետում եմ իր գործին: Ոչինչ ավելին»։ «Սբերբանկ»-ի ներկայացուցիչներն ընդհանրապես հրաժարվել են մեկնաբանություններից։

Հեղինակ՝ Սերգեյ Տիտով, «Սիստեմա»