Պուտին-Թրամփ գագաթնաժողով է նախապատրաստվում․ Ուոլց

Թրամփ-Պուտին հանդիպում Հելսինկիում, 2018թ․

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին կամ շաբաթներին, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը։

Ըստ Ուոլցի՝ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողովի անցկացումը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։

«Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ ձևաչափը, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։

Ընդգծելով, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար կարևոր է կայունացնել իրավիճակը ռազմաճակատում՝ Ուոլցն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանա, որ նախ հրադադար հաստատվի, որից հետո հնարավոր կլինի աշխատել բանակցությունների ուղղությամբ։ «Ամեն ինչ պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով», - ասել է Ուոլցը:

Անցած ուրբաթ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական և ամերիկյան կողմերն աշխատում են բարձ մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է հանդիպել. Կրեմլից արձագանքել են