Փաստաբանի գնահատմամբ՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու փորձը քաղաքական ճնշում է

Սամվել Շահրամանյան, արխիվ

Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ երեկ երեկոյան ոստիկաններ ու քննիչներ էին հավաքվել։ Այնտեղից ահազանգում էր փաստաբան Ռոման Երիցյանը, թե փորձում են առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը հրաժարվել է մեքենան հանձնել, որից հետո ոստիկանները փորձել են տարհանել, բայց այդպես էլ չի հաջողվել, մեքենան կնքել են ու հեռացել։

«Դատարանի որոշում չեն ներկայացրել, ինչով պայմանավորված էլ մենք չենք թույլատրել ավտոմեքենան առգրավել։ Ես վստահ եմ, որ իրենք ևս հասկացան, որ իրենց որոշումը ոչ իրավաչափ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Ինչո՞ւ էին իրավապահները չորս ժամ փորձում առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան, որը, ինչպես վստահեցնում է փաստաբանը, Արցախի սեփականությունն է։

Քննչական կոմիտեի լրատվականից «Ազատության»-ը փոխանցեցին՝ մեքենան առգրավելու որոշումը կապված է դեռ տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ էական նշանակության հանգամանքներ պարզելու համար: Խոսքը թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։ Դանիելյանը ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց վարույթը շարունակվում է։

«Այդ քրեական վարույթը ավտոմեքենայի հետ որևէ առնչություն չունի։ Նույն տրամաբանությամբ կարող էին, օրինակ, Ձեզ պատկանող մեքենան գային առգրավելու կամ ինձ պատկանող ավտոմեքենան, այսինքն՝ քննիչն իր որոշման մեջ ցույց չի տվել, թե ինչ կապ ունի իր կողմից քննվող վարույթը Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի հետ», - նշեց նա։

Ըստ Ռոման Երիցյանի՝ փետրվարին՝ այդ ձերբակալման ժամանակ, մեքենան առգրավել են, խուզարկել ու վերադարձրել Դանիելյանին։ Երեք ամիս անց եկել են կրկին առգրավելու, ըստ նրա՝ պատճառաբանել են, թե մեքենայի համարանիշը փոխվել է, նախկինում ծառայողականն էր. - «Քեական վարույթի շրջանակում այդ ավտոմեքենայի առգրավվումը որևէ փաստական հիմք չուներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցի նախարարը «յուրացրել է պետական ավտոմեքենաները». ահազանգում են հետաքննողները


Ռոման Երիցյանն ասաց՝ իրավապահները առաջարկել են գոնե երկու օրով տանել մեքենան, բայց իրենք չեն համաձայնել։ Իսկ կարո՞ղ են շահագործել, եթե կնքված է, ասաց. - «Մեքենան ի պահ մեզ չի հանձնվել առանց շահագործման թույլտվության, այդ մասով որևէ սահմանափակում չկա, և մենք ներկա դրությամբ զրկված չենք մեքենան վարելու հնարավորությունից, բայց ես ավելի քան վստահ եմ, որ մեքենան եթե շահագործվեց, պարեկային ծառայողների կողմից կանգնեցվելու է և ինչ-որ մտացածին պատճառներով տեղափոխվելու է հատուկ պահպանման վայր»։

Փաստաբանի գնահատմամբ՝ Արցախի նախագահին սպասարկող միակ մեքենան առգրավելու փորձը կամ կնքելը քաղաքական ճնշում է։

«Դա ոչ միայն իմ համոզմունքն է, այլ՝ բոլորիս, և դա օբյեկտիվ ձևավորված համոզմունք է՝ հաշվի առնելով նաև վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, հնարավոր և անհնարին կիրառած բոլոր ճնշումները արցախցիների և մանավանդ արցախյան պաշտոնատար անձանց նկատմամբ», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին երկու օրում արցախցի երրորդ քաղաքապետն է հայտնվում իրավապահների թիրախում


Քննչականը հերքում է փաստաբանների այս պնդումները՝ հայտարարելով, որ օրենքով սահմանված քննչական գործողություններ է իրականացնում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում քրեական գործերով մեղադրյալ են դարձել Ստեփանակերտի քաղաքապետը, Մարտակերտի ու Ասկերանի համայնքապետերը, ըստ Քննչականի, իրենց ղեկավարած համայնքների գույքը հափշտակելու համար։