Ո՞ւր են Վանաձորի նորակառույց պուրակի 52 հազար դրամանոց 10 եղևնիները, 13,5 հազարանոց 38 տույաներն ու 9 հազարանոց 20 դեկորատիվ ծառերը, որոնց համար դեռ անցած տարի Վանաձորի համայնքապետարանը 1.5 միլիոն դրամ է ծախսել։ Այստեղ պետք է լինեին նաև 30 հատ 2 հազար դրամանոց թփեր, որոնք, ըստ սուբվենցիոն ծրագրի, պետք է «հիասքանչ հանգստի գոտի դարձնեին պուրակն ու սիրելի վայր տեղացիների ու զբոսաշրջիկների համար»։
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը հնչել էր այս տարի գարնանը Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակի ու հարակից պուրակի հանդիսավոր բացման ժամանակ։
«Ազատություն»-ն այսօր պուրակում միայն 7 եղևնի գտավ, 2-ն ամբողջությամբ էին չորացել, 2-ը՝ կիսով չափ, մյուս 3-ը մոլախոտերի մեջ էին։ Դեկորատիվ թփերի փոխարեն այստեղ փշեր են։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ սա կոռուպցիայի ցայտուն օրինակ է՝ եթե հաճախ շինարարական աշխատանքների թերություններն անզեն աչքով չես տեսնի, ապա այստեղ չարված աշխատանքն ակնառու է՝ նախատեսված 9 նստարանի փոխարեն 6-ն են, դեկորատիվ թանկարժեք տնկիներն էլ չկան։
«Բարձրակարգ տույաներ պետք է լինեին, դեկորատիվ ծառեր, թփեր, մի խոսքով՝ մոտավորապես անտառի տեսք պետք է ունենար, բայց ոնց որ փողը թղթերի վրա կա, իսկ բուսականությունը չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչինչ չեն անում». շինարարության մեկնարկից կես տարի անց «Մերգելյանի» պուրակի կառուցապատումը դեռ չի ավարտվել
Այս հրապարակի ու պուրակի բարեկարգման համար պետությունն ու համայնքն ավելի քան 77 միլիոն դրամ են ծախսել դեռ երկու տարի առաջ հաստատված սուբվենցիոն ծրագրով։
«Հրապարակի ու հարակից պուրակի բարեկարգումը կնպաստի համայնքի տնտեսության ու տուրիզմի զարգացմանն ու կանաչ տարածքների ավելացմանը», - գրված է ավագանու հաստատած ու կառավարություն ուղարկված սուբվենցիոն ծրագրում։
Նշել էին՝ լուսավոր ու կանաչապատ այգի կունենանք։ Մեկ այլ կետով շեշտել, որ քաղաքացիների և քաղաքի այցելուների համար ժամանցի արդիական պայմաններ կստեղծվեն, ինչը կմեծացնի այստեղ մարդկանց հոսքը։
Գուցե պատճառը եղանակային վատ պայմաններն էին, գուցե տույաների ու սիզամարգերի բացակայությունը, բայց մարդկանց մեծ հոսք այստեղ չկար։
Վիկտոր Համբարձումյանի արձանն իր անունը կրող հրապարակում դեռ առաջին օրերին թաղամասի բնակիչների ու սոցցանցերի օգտատերերի քննադատությանն արժանացավ։ «Ծաղրա՞նք է, թե՞ քանդակ», - ասում էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում շինարարական խոշոր ծրագրերը թղթի վրա են մնացել, նորոգվող ճանապարհները՝ կիսատԲայց, քննադատություններն անտեսվել, հանդիսավոր բացմանն էլ համայնքապետի պաշտոնակատարն ասել էր՝ արձանները քննադատում են, նորություն չէ։ Երևանում էլ տարբեր արձաններ քննադատեցին, հետո սիրեցին դրանք, նկատել էր Արկադի Փելեշյանը։
Համայնքապետարանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, «Ազատության» զանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ էլ ասացին՝ պատասխանատուները տեղում չեն։ Բայց, ավագանու որոշումներում դեռ 2023-ի գարնանը ծրագիրն ավարտված են համարել ու նշել, որ հսկողությունից հանված է։ Այսինքն՝ սուբվենցիոն ծրագրում ո՛չ գլխավոր ճարտարապետը, ո՛չ համայնքապետի պաշտոնակատարը, ո՛չ տեխնիկական վերահսկողը, ո՛չ էլ գումարի 40 տոկոսը վճարած կառավարությունը թերություններ չեն տեսել։