19։31
Ինչի հետևանքով է կործանվել Պաշտպանության նախարարության ուսումնավարժական ինքնաթիռը՝ վատ եղանակի, անսարքության, թե այլ պատճառով։ 2 զինծառայողի կյանք խլած ողբերգական դեպքից ժամեր անց էլ Քննչական կոմիտեից անգամ դեռ նախնական վարկած չեն հայտնում։
Զոհերի դիերը վթարից ժամեր անց դուրս բերվեցին ջախջախված ինքնաթիռից։ Այս պահին պարզ չէ, թե որ թվականին է արտադրվել կործանված խորհրդային Յակ-52-ը։
Այդ մոդելի ուսումնավարժական ինքնաթիռները թողարկվել են 1979-1995 թվականներին։ Նախատեսված են հենց ուսումնավարժական թռիչքների համար, դրանցում 1 օդաչու և 1 ուղևոր է տեղավորվում։
15։ 09
Պաշտպանության նախարարությունը հրապարակեց ինքնաթիռի վթարի զոհերի անունները՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյան, կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյան:
13։08
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:
12։00
Կոտայքի մարզում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է վթարվել, «Ազատության»-ը փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ երկու զոհ կա։
Պաշտպանության նախարարությունից էլ «Ազատության»-ը փոխանցեցին, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական էր՝ ցավակցություն հայտնելով զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ ՆԳՆ-ն նշում էր, որ նախնական տվյալներով, կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը։ «Ազատության» տվյալներով, վթարված ինքնաթիռը Յակ-52 է:
Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ հայտնի չէ։
Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։