Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգևոր ծառայությունը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, հանրահավաքին հայտարարեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Նա ասաց, որ մեկ ամիս եղել հանդիպումներ և խորհրդակցություններ են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական և այլն։

«Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ սրբազանն է», - ասաց նա՝ շարունակելով, - «Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։

«Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել», - հայտարարեց նա։

Սրբազանը ևս մեկ անգամ դիմեց վարչապետին՝ հրաժարականի պահանջով։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական. Բագրատ սրբազան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր բան չենք տեսնում․ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով»․ Ալեն Սիմոնյան