Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստան ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին, հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Սեուլի հետախուզական գործակալությանը։
«Ազգային հետախուզական ծառայությունն ասել է, որ իր տեղեկություններով Հյուսիսը վերջերս որոշել է 4 բրիգադ՝ 12 հազար զինվոր, ներառյալ հատուկ ուժեր ուղարկել Ուկրաինայի պատերազմին»,- այսօր գրել է Yonhap գործակալությունը։
Անցած հունիսին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Կրեմլի կողքին են նաև Ուկրաինայի դեմ պատերազմում։
Օրեր առաջ հաղորդվեց, որ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ։ Հրապարակված փաստաթղթի չորրորդ հոդվածը, մասնավորապես, նշում էր՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից, և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։
Անցած ամիսներին արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեան հրետանային արկեր է մատակարարում Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել էր՝ մատակարարվում է ոչ միայն զինամթերք, այլև՝ մարդուժ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ