Նոր մանրամասներ են ի հայտ գալիս երեքշաբթի օրը Լիբանանում և Սիրիայի որոշ հատվածներում գրեթե միաժամանակ հազարավոր փեյջերների պայթյունների վերաբերյալ:
Պայթյուններից, ըստ վերջին տվյալների, առնվազն 12 զոհ կա, այդ թվում՝ 2 երեխա, նաև՝ մի քանի բուժաշխատող: Ըստ Լիբանանի առողջապահության նախարարի՝ մոտ 2 հազար 800 վիրավոր կա, նրանցից 200-ը ծանր վիճակում են, իսկ տուժածների վնասվածքները հիմնականում դեմքի, աչքերի, ձեռքերի, որովայնի հատվածներում են: Վիրավորների թվում «Հեզբոլա» զինված խմբավորման անդամներ են, բժիշկներ և Բեյրութում Իրանի դեսպանը, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեհրանը հաստատում է՝ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավոր է, «նրա վիճակը կայուն է» Լիբանանում առնվազն 8 զոհ, հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով«Հեզբոլա» զինված խմբավորումը, որին աջակցում է Իրանը, նախօրեին հայտարարել է, որ պայթած փեյջերները խմբավորման տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին էին պատկանում, և հաստատել է 8 անդամների մահը:
Իսկ արդյոք տուժածներ կան Լիբանանի հայ համայնքի շրջանում. լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն ասում է՝ ոչ:
«Նախ ասեմ, որ շատ հանկարծակի գործողություն էր, և այս պատերազմի ամբողջ ընթացքում, տարբեր հանգրվաններում նման հարձակման գործողություն չէր իրականացվել: Ընդհանրապես «Հեզբոլա»-ի անդամների վրա գտնվող փեյջերներն էին պայթել, և դա նշանակում է, որ աշխարհագրականորեն ավելի կենտրոնացվել են հարավային Լիբանանի հատվածում, Բեյրութի հարավային արվարձաններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քանդահարյանը՝ շարունակելով. - «Այս պահի դրությամբ հայ համայնքից որևէ տուժած չկա, որովհետև նաև այդ շրջաններում ընդհանրապես հայեր չեն ապրում, չնայած աշխատանքի բերումով կարող են գնալ-գալ, բայց այնտեղ մշտական բնակություն հաստատելու առումով, առավելաբար շիա համայնքով բնակեցված շրջաններ են»:
Իսրայելի զինված ուժերը չեն մեկնաբանել պայթյունները, իսկ Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը և մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել են, որ պայթյունների հետևում Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունն է, որ ըստ երևույթին ամիսներ շարունակ մշակել է գործողությունն ու մինչև 3 գրամ պայթուցիկ տեղադրել 5 հազար փեյջերների մեջ: 3 հազարը պայթել են երեկ, երբ նրանց կոդավորված հաղորդագրություն է ուղարկվել:
The Wall Street Journal-ն իր աղբյուրներին հղում անելով գրում է, որ պայթած սարքերը նոր խմբաքանակից էին, որ «Հեզբոլա»-ն ստացել էր վերջին օրերին:
Ըստ Reuters-ի՝ «Հեզբոլա»-ն սա իրենց անվտանգության համակարգի ամենամեծ բացթողումն է համարել։
Փեյջերները, որ պայթել են մարդկանց գրպաններում կամ ձեռքերում, հաղորդագրություն ընդունող սարքեր են, որ հիմնականում զանգվածաբար օգտագործվում էին 90-ականներին՝ մինչև վաղ 2000-ականներ, երբ դրանց փոխարինելու եկան բջջային կապն ու ինտերնետը:
Ինչպես նշում է Reuters-ը, դեռ փետրվարին «Հեզբոլա»-ի առաջնորդները զգուշացրել էին կողմնակիցներին բջջային հեռախոսներ չօգտագործել, քանի որ դրանք խոցելի են իսրայելական հատուկ ծառայությունների համար: Հեռախոսների փոխարեն «Հեզբոլա»-ի անդամներին ավելի հին սերնդի սարքեր՝ փեյջերներ էին բաժանվել:
Այսօր «Հեզբոլա»-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «դիմադրությունը կշարունակվի, Գազային և նրա ժողովրդին աջակցությունը՝ նույնպես, իսկ Իսրայելը դաժան պատասխան կստանա երեքշաբթի օրվա արյունահեղության համար»:
«Սկզբում առավելաբար խոսվում էր, որ Գազայի հրադադարի դեպքում նաև Իսրայել - Լիբանան սահմանագծի վրա հրադադար կլինի, բայց հիմա, ըստ երևույթին, նաև երկրորդ մեծ ճակատի բռնկման նախապատրաստական աշխատանքների մեջ է Իսրայելը, և դրա մասին խոսում են, հայտարարում են նաև պաշտոնապես: Այս գործողությունից հետո այս լարված անորոշությունը վերստին իբրև մթնոլորտ վերադարձել է Լիբանան, որովհետև «Հեզբոլա»-ն նաև հայտարարեց, որ լինելու է համարժեք պատասխան, և այդ առումով սա անվերջ՝ գործողություն-պատասխան շղթայական գործընթաց է, և, բնականաբար, այդ բոլորը կազդի Լիբանանի և՛ տնտեսության վրա, և՛ քաղաքական անորոշության ավելի խորացման վրա», - ընդգծեց Շահեն Քանդահարյանը:
«Լիբանանը միջհամայնքային երկիր է, և, բնականաբար, հայ համայնքը այդ հասարակության, լիբանանյան հասարակության բաղկացուցիչ տարր է, և այս ամբողջ ռազմաքաղաքական իրադարձությունները ազդում են ամբողջ հասարակության վրա, որի մաս է կազմում և լիբանանահայ համայնքը և կրում է ամբողջ հետևանքները, որ ընդհանրապես լիբանանցի ժողովուրդը կրում է», - ասաց «Ազդակ» օրաթերթի խմբագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելն իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության․ The Wall Street JournalԻսրայելը «Հեզբոլա»-ին սպառնում է անհամաչափ պատասխանովԻսկ ովքե՞ր են պատրաստել փեյջերները, որ պայթել են Լիբանանում: Պայթյուններից հետո արված լուսանկարները վերլուծելով՝ լրատվամիջոցները թայվանական Gold Apollo ընկերության տարբերանշաններն էին գտել: Սակայն այդ ընկերությունից այսօր հերքել են, թե փեյջերներն իրենք են արտադրել: Թայվանական ընկերությունը պնդել է, որ դրանք իրենց անվան և բրենդի ներքո արտադրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերւթյունը: Այդ ընկերությունից լրատվամիջոցներին դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ: Ընկերության կայքն այսօր անհասանելի է դարձել: Deutsche Welle-ի լրագրողներն այսօր այցելել են Բուդապեշտում ընկերության պաշտոնական հասցեով, սակայն որևէ մեկը չի արձագանքել դռան զանգերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Reuters. Բեյրութում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին