Գրողների ու նկարիչների միություններից հետո Գլխավոր դատախազությունն այժմ էլ միանգամից 18 հայց է ներկայացրել ԴՕՍԱԱՖ-ի դեմ՝ պահանջելով պետությանը վերադարձնել կազմակերպության Երևանում ու մարզերում գտնվող շուրջ 23 հազար քմ մակերեսով շենք-շինությունները, տարածքները։
«Մեր ողջամիտ ենթադրությամբ՝ դրանք պետք է գրանցվեին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով, բայց փաստացի ներկայումս գրանցված են ԴՕՍԱԱՖ ՀԿ-ի անվամբ, դրա համար հայցադիմումներ ենք ներկայացրել ԴՕՍԱԱՖ ՀԿ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները վերացնելու և ըստ անհրաժեշտության նաև անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին», - ասաց Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը:
ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության 18 շենք-շինություններից, տարածքներից 6-ը Երևանում, 5-ը Վայոց Ձորում, 6-ը Գեղարքունիքում ու 1-ը Սյունիքում է գտնվում։
Խորհրդային միության ընթացքում ստեղծված կազմակերպության տարածքների մի մասը, ըստ դատախազության, հրաձգարան է։ Կազմակերպության գլխամասն Արշակունյաց պողոտայի սկզբնամասում է՝ քառահարկ շենք։ Հասարակական կազմակերպությունից այս պահին կտրականապես հրաժարվում են մեկնաբանել դատախազության հայցերը։
Ինչո՞ւ է պետությունը ցանկանում նաև ԴՕՍԱԱՖ-ին պատկանող գույքն իրենով անել, դատախազությունից ուսումնասիրություններ անելու իրենց հնարավորությունն են շեշտում, առանց հստակեցնելու՝ ԴՕՍԱԱՖ-ի շենք-շինությունների պետականացման փորձի պատճառները։
Ամիսներ առաջ խորհրդարանում վարչապետը փաստացի հաստատել էր՝ որոշումը քաղաքական է։ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել էր՝ «Հայաստան» մարզական միությունը 5 մլրդ դրամով վաճառել էր «Սպարտակ» համալիրի տարածքը: Հիմա պետությունը նաև դա է պահանջում վերադարձնել։
«Մենք իրավական վերլուծություն արեցինք ու տեսանք, որ կա մեծ պրոբլեմ, ո՞րն է այդ պրոբլեմը, որ Խորհրդային միության ժամանակ մարզական և ստեղծագործական միությունների գույքն ավտոմատ կերպով համարվել է ինչ-որ ընթացակարգերով այդ միությունների սեփականությունը, մինչդեռ դա եղել է Հայկական Խորհրդային Սովետական Հանրապետության սեփականությունը», - նշել է վարչապետը:
Ըստ դատախազության՝ Խորհրդային միության ժամանակ ստեղծված միությունների շենքերը չէին կարող մասնավորեցվել առանց պետության որոշման։ Բացատրում են, թե դրանք Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով ու կառավարության առանձին որոշմամբ պետական են համարվել։ Վարչապետը պնդել էր՝ այլ միություններին պատկանող շենքերն էլ պետք է վերադարձվեն պետությանը։
ԴՕՍԱԱՖ-ի մասով, պարզվում է, դատախազությունն այլ հիմքեր էլ է ներկայացրել դատարան։
«Գրանցման վկայականներում, կադաստրային գործերում, շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր չկա, վճարում չի կատարվել», - ներկայացրեց Ֆիլիանա Բելլույանը:
Գրողների ու նկարիչների միությունների դեմ հայցերն արդեն դատարանում են, ընդ որում՝ թանկարժեք շինությունները տնօրինող միությունները հայցերը միանգամայն անհիմն են համարում, պնդում՝ շենքերն օրենքով են սեփականաշնորհվել, անգամ Կադաստրի պետական կոմիտեն է դա հաստատել։ Վճիռներ դեռ չկան:
Վարչապետն ասել էր՝ Խորհրդային միության ընթացքում ձևավորված մշակութային, մարզական մյուս միությունների, կազմակերպությունների գույքի սեփականության գրանցումն էլ է պետությունն ուսումնասիրելու, առայժմ հայտնի չէ՝ հաջորդը ո՞ր միությունը դատարանում կհայտնվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրողների միության Երևանում ու Սևանում գտնվող շենքերը օրենքի խախտմա՞մբ են սեփականաշնորհվել. հարցով առաջին վճիռն՝ աշնանը