«Պետական ռեկետ». ստեղծագործական միությունները՝ իրենց սեփականությունը պետականացնելու հայցերի մասին

Նկարիչների ու Գրողների միությունների շենքերը

«Պետական ռեկետ», հայաստանյան ստեղծագործական միություններն այսպես են որակում իրենց սեփականությունը պետականացնելու՝ Գլխավոր դատախազության տասնյակ հայցերը։ Նկարիչների, գրողների, կույրերի ու մի քանի այլ միությունների ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ պետությունը որևէ հիմք չունի իրենով անել մինչ այս պահը կադաստրով իրենց սեփականությունը համարված շենքերը։

«Այս գույքերը, որոնց այսպես ասած պետականացման հայց է ներկայացվել, խորհրդային տարիներից պատկանել են հենց այդ ստեղծագործական միություններին», - ասաց Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Գլխավոր դատախազության հայցերի հիմքում Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքն է։ Ըստ իրավապահների՝ այդ օրենքով միությունների շենքերը պետականացվել են, առանց պետության որոշման էլ չէին կարող սեփականաշնորհվել։

«Որևէ ապացույց ներկայացրե՞լ եք, որ Նկարիչների միության, օրինակ, Աբովյան 16 շենքը, մյուս ստեղծագործական միությունների շենքերը խորհրդային տարիներին եղել են պետական: Նման ապացույց, նման հիմնավորում չի ներկայացվել, որ եղել են պետական ու 90 թվականի օրենքով դարձել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Այս օրենքը վերաբերում է բացառապես պետական կազմակերպությունների ունեցվածքին», - նշեց Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեժլումյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետությունը պահանջում է վերադարձնել «Հայաստանի խուլերի միավորման»՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաշենքըՊետությունը պահանջում է վերադարձնել ԴՕՍԱԱՖ-ի՝ Երևանում ու մարզերում գտնվող շենք-շինությունները, տարածքներըԳրողների, նկարիչների միություններն ու պետությունը դատարանում կհանդիպեն թանկարժեք շենքերի հարցով

Գրողների միության փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ ասաց. - «ԽՍՀՄ տարիներին ստեղծագործական միությունների գույքը, կլիներ Դիլիջանում, Ծաղկաձորում, Երևանում և այլն, բոլոր ստեղծագործական միությունների գույքը եղել է բացառապես վերջիններիս սեփականությունը, ուստի նման պայմաններում կառավարության նման գործառույթը տոտալ ունեզրկում է տվյալ ընկերությունների հետ կապված»:

Որ ստեղծագործական միությունների թանկարժեք շենքերը պետականացնելու որոշումը քաղաքական է, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հաստատել։ Փաշինյանը որոշման պատճառ էր նշել «Հայաստան» մարզական միության օրինակը, որն իր անունով գրանցված գույքն ու տարածքները 5 մլրդ դրամով մասնավորին էր վաճառել։

Այս միությունը, սակայն, միակը չէ, որ վաճառել է իր սեփականությունը. 2000-ակներին էլ, օրինակ, Նկարիչների միությունը վաճառել էր Աբովյան 16 հասցեում գտնվող շենքի մի հատվածը, այդ տարածքում հիմա բնակելի տներ են վարձով տրվում, անգամ տարածքներ են վաճառվում։

Միությունները հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց շենքերի տարածքների մեծ մասը վարձով են տրամադրում։ Օրինակ՝ Կույրերի միավորումը Իսահակյան 18 հասցեում նման տարածքներ ունի։ Նախագահն ասում է, թե կոմերցիոն տարածքների ստացված հասույթը փոխանցվում է միավորման անդամներին. նպաստներ են տրամադրում, կրթաթոշակներ ուսանող անդամներին։ Հիմա, սակայն, ասում է՝ դրանից էլ զրկվելու վտանգի առաջ են։

«Այսօր զրկված ենք տնտեսական գործունեության մի կարևոր ոլորտից՝ վարձակալությամբ տարածքները հատկացնելուց», - ասաց Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյան:

Կույրերի, նկարիչների, գրողների ու այլ միությունների դեմ հայցերը դեռ դատարաններում են, որևէ վճիռ չկա։

Առաջարկում ենք կանոնակարգել միությունների շենքերը մասնավորին վաճառելու հնարավորությունը. Գաբրիելյան

Մինչ այդ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գործընկերների հետ առաջարկում է օրենքով կանոնակարգել միությունների շենքերը մասնավորին վաճառելու հնարավորությունը։

«Առաջարկում ենք Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն, չասեմ սահմանափակել, բայց գոնե կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը նախևառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով», - ասաց Գաբրիելյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ տարբեր միություններին պատկանող նման ավելի քան 27 հազար գույք կա։

Մինչ իշխանությունները խոսում են միությունների շենքերը պետականացնելու ու դրանց վաճառքը սահմանափակելու մասին, միությունների ներկայացուցիչները մի քանի օր ժամանակ են տալիս գործադիրին որոշումը վերանայելու համար։ Եթե կառավարությունը չընդառաջի, ասում են՝ կտրուկ քայլերի կդիմեն, բայց թե ինչ կանեն, չեն բացահայտում։