Պայթյուն Վլադիկավկազի առևտրի կենտրոնում. հաղորդվում է մեկ զոհի, վիրավորների մասին

Հրշեջները մարում են Վլադիկավկազի "Алания Молл" առևտրի կենտրոնում պայթյունին հաջորդած հրդեհը, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Վլադիկավկազի "Алания Молл" առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյան հաղորդել են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով վիրավորների ու մեկ զոհի մասին։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով 8:30-ին՝ առևտրի համալիրի վերջին հարկում։

Առևտրի կենտրոնն այս պահին փակ է։ Սովորաբար այնտեղ աշխատանքը սկսվում է ժամը 10-ին։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը օպերատիվ ծառայություններից հայտնել են, որ մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ, վիրավորների ստույգ թիվ դեռ չի նշվում։

Մահացածի մասին տեղեկությունը հաստատել է նաև Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն՝ նշելով, որ մահացածը կին է։

Օպերատիվ ծառայություններից հայտնել են, որ պայթյունի պահին առևտրի կենտրոնում այցելուներ չեն եղել, տուժածներն աշխատակիցներ և անցորդներ են։

Mash տելեգրամյան ալիքը գրում է հինգ զոհի մասին։ Shot-ի տվյալներով՝ վիրավորվել է ինը մարդ։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի չորրորդ հարկում կենցաղային գազից, որից հետո հրդեհ է բռնկվել 800 քմ տարածքում, խոհանոցի երեք աշխատակից են տուժել։

Այս պահին տեղում իրավապահներն ու փրկարարներն են աշխատում։ Դեպքի առնչությանբ օպերատիվ խումբ է ստեղծվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ Վլադիկավկազի «Էլեկտրոցինկ» գործարանում, կա պայթյունի վտանգ