Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունից 12-ամյա երեխա է մահացել։ Մայրն ու տատիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Տանն այդ պահին ընտանիքի 7 անդամներից 5-ն են եղել։ Պայթյունից հետո առաջինն օգնության են հասել հարևանները, բայց աղջնակին փրկել չեն կարողացել։
Ոսկեհասկը գազաֆիկացված չէ, գյուղում հիմնականում գազաբալոններ են օգտագործում։ Քննիչների նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ գազօջախը միացնելու ընթացքում։
Տուժած ընտանիքի ազգական Արա Միլիտոնյանը պատմեց, որ գազի բալոնը վնասված չի եղել, պայթյունի ալիքը այն շպրտել էր բակ, քննիչները բալոնն արդեն տարել են փորձաքննության։ Պայթյունի հետևանքով տունը գրեթե ամբողջությամբ քանդվել է, իրերն ու պատուհանի կտորները տասնյակ մետր հեռավորության վրա են շպրտվել։
«Տունը եղել են 2 երեխաները, տղան ու աղջիկը, որը մահացավ, տղուն բան չի եղել, թեթև քերծվածքներ: Դուրս է հանել Ռաֆիկը լուսամուտից կնոջն ու երեխային, կնոջ ճակատը ջարդվել էր, կպել էր քարին, թե ինչ», - ներկայացրեց Միլիտոնյանը:
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ընտանիքի 31-ամյա մոր մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք և գլխի հատվածում վերք, ստացել է ամբուլատոր բուժում ու դուրս գրվել։ Իսկ տատիկը այրվածքներ ունի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Մյուս հիվանդտ 65 թվականին ծնված կին է, ում մոտ առկա է դեմքի, վերին վերջույթների և վերին շնչուղիների այրվածք՝ տարբեր աստիճանի, ավելի շատ 2-ևդ, 3-րդ աստիճանի: Նա արեն հոսպիտալացվել է վնասվածքաբանական բաժանմունք, վիճակը միջին ծանրության է», - նշեց Խաչատրյանը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Մասնագետները հաճախ են զգուշացնում, որ գազի բալոնները վտանգավոր են կենցաղում օգտագործելու համար, այդուհանդերձ, դրանք արգելված չեն։