Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, կա երկու զոհ, հայտնում են ռուսական պետական լրատվական գործակալությունները։
Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ մահացածների թվում է նաև Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մահացել է նաև 54-ամյա Կիրիլովի օգնականը։
Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել, փորձաքննություններ են նշանակվել։
Ըստ Պետական գործակալությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի առաջին հարկում։ Նշվում է, որ շենքը գազաֆիկացված չէ։ Վնասվել են շենքի առաջինից երրորդ հարկի ապակիները, շենքի մուտքի դուռը։ Պայթյունի վայրում քննչական խումբն է աշխատում։
Shot-ի տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մուտքի մոտ կայանված էլեկտրական ինքնագնացի բռնակին և գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ երկու տղամարդ մոտեցել են մուտքի դռանը։ Այս մասին գրում են նաև Mash և Baza տելեգրամյան ալիքները։
Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հռեակա կարգով քրեական գործ էր հարուցել արդեն 7 տարի այս պաշտոնը զբաղեցնող Կիրիլովի դեմ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Նշվում է, որ նա, մասնավորապես, կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ենթադրյալ քիմիական զենք կիրառելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնեցկում ավտոմեքենայի պայթյունից մահացել է Ելենովկայի գաղութի ղեկավարը