Ռուսական զորքի առաջխաղացման, Արևմուտքի աջակցության հեռանկարի շուրջ աճող մտահոգությունների ֆոնին Ուկրաինան փորձում է ավելացնել անձակազմի թվաքանակը ռազմաճակատում։
Ոստիկանները զինծառայությունից թաքնվող տղամարդկանց փնտրում են համերգներում, ակումբներում, սրճարաններում՝ զգայուն այս ժամանակաշրջանում էլ ավելի սրելով պառակտումը հասարակության միջև։
Դժվար ավելի ակնառու վայր գտնվեր, քան երկրի ամենահայտնի ռոք խմբի համերգը մայրաքաղաքում, բարձրակարգ ժամանցի վայր կամ հանգստյան օրերին հարսանիք Լվովի կենտրոնում:
Զինվորական հավաքագրողները հայտնվում են այդ, ինչպես նաև Ուկրաինայով մեկ տարատեսակ միջոցառումներում՝ փնտրելով տղամարդկանց, որոնք չեն զինվորագրվել անցյալ տարվա գարնանն ընդունված խիստ վիճահարույց զինվորական ծառայության մասին օրենքի համաձայն։ Որոշ դեպքեր ուղեկցվում են դրամատիկ զարգացումներով։
Հոկտեմբերի 11-ին Կիևի սպորտի պալատում Okean Elzy-ի համերգից հետո համերգասրահի մուտքի մոտ նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները քաղաքացիական հագուստով տղամարդուն քարշ տալիս մայթով, երբ վերջինս, ի նշան բողոքի, բղավում էր, իսկ ականտեսները վանկարկում՝ «ամոթ»:
Սա Ուկրաինայում երկու տարբեր իրականության բախման վառ օրինակ էր․ մեկում մահացու մարտեր են 1200 կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով երրորդ տարին շարունակվող և վերջը չերևացող Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ, մյուս իրականությունում էլ կյանքն է՝ նույնիսկ գիշերային, որը շարունակվում է չնայած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք երկրով մեկ քաղաքներ ու ավաններ են ավիրում։
«Երկրի մի կեսը լացում է, իսկ մյուս կեսը ցատկոտում [ուրախությունից]», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն հետ զրույցում ասում է Կիևում գործող «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի քաղաքագիտության պրոֆեսոր և հետազոտական տնօրեն Ալեքսեյ Գարանյը։
Մոսկվայի հարձակումը զսպելու իր ջանքերում Ուկրաինան բազմաթիվ մարտահրավերների է բախվում։ Դոնբասի առանցքային քաղաքը շուտով կարող է ընկնել հենց ռուսական ուժերն օդային առավելության շնորհիվ կարողանան առաջանալ։ Ռուսական հարձակումներն էներգետիկ ենթակառուցվածքների վրա ծայրաստիճան ծանր ձմեռ է գուժում։ Իսկ Արևմուտքի կարևորագույն աջակցության ապագան, մասնավորապես, սպառազինության, ֆինանսական օգնության և դիվանագիտական աջակցության հեռանկարը մթագնում է ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունների և ԵՄ անդամների միջև տարաձայնությունների պատճառով։
Մահացու թվերի խաղ
Բայց հավաքագրման ռեյդերը վեր են հանում մի խնդիր, որն «անհավանական ծավալների է հասել», ասում է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Կոշելը։ Առաջնագծում զինվորների մեծ թվականակի սուր պակաս կա: Դա խնդիր է, որը պետք է լուծի Կիևը, և դրա հետևանքները զգացվում են ռազմի դաշտից դուրս ՝ խորացնելով պառակտումը հասարակության ներսում, այն դեպքում, երբ Ուկրաինան օդ ու ջրի պես միասնականության կարիք ունի։
Մարդկային ռեսուրսը խնդիր է նաևՌուսաստանի համար, քանի որ Մոսկվայի զինվորականները «բավականին համեստ հաջողությունների են հասնում մարդկանց և սարքավորումների հսկայական կորստի գնով», փաստում է Ռութ Դեյերմոնդը՝ Լոնդոնի Քինգս քոլեջի պատերազմի ուսումնասիրությունների ամբիոնի ավագ դասախոսը։ Բայց դա «շատ ավելի սուր է Ուկրաինայի դեպքում»:
«Ռազմաճակատում մարդկանց պակաս կա, սա բացարձակ փաստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Պավլո Նարոժնին: Նրա խոսքով՝ «անձնակազմի պակաս կա բացարձակապես բոլոր ստորաբաժանումներում»։
Պնդումը փաստելու համար ռազմական վերլուծաբանը ռազմաճակատի սցենար է նկարագրել․ - «Մենք ունենք դիտակետ կամ պաշտպանական կետ, որտեղ պետք է 30 հերթապահ լինեն, բայց իրականում այնտեղ 5-7-ն են… Եվ 30-40 ռուսներ հարձակվում են, և այդ 5-7-ը պետք է զսպեն 30-40-ի հարձակումը։ Որովհետև մարդուժի պակաս կա։ Պարզապես մարդ չկա, չկան»։
Ուկրաինայի բանակը «թվաքանակի խաղում երբեք չի կարող հաղթել այնպիսի հակառակորդի, ինչպիսին Ռուսաստանն է՝ շատ ավելի մեծ բնակչությամբ և ղեկավարությամբ, որը պատրաստ է արյան շատ թանկ գին վճարել իր պատերազմական նպատակների համար», - պնդում է Ճգնաժամային խմբի Ուկրաինայի հարցերով ավագ վերլուծաբան Սայմոն Շլեգելը՝ նշելով, որ հարցը մտահոգության տեղիք չէր տալիս Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում։
Սկզբում «կամավորները երկար հերթեր էին կանգնում հավաքագրման կետերում և հաճախ իրենց հետ բերում էին սեփական սարքավորումները և կազմակերպում իրենց ուսուցումը», - հիշեցնում է Շլեգելը և հավելում, որ «կամավորների առատ հոսքը մարեց 2023-ին»։
Մոբիլիզացիայի մասին օրենքը միտված է մարդուժի ավելացմանը։ Օրենքը 25-ից 60 տարեկան տղամարդկանցից պահանջում է թարմացնել իրենց անձնական տվյալները զինվորական հավաքագրման կենտրոններում, քաղաքացիական վարչական գրասենյակներում կամ Reserve+ պետական հավելվածում:
«Սրա շնորհիվ հստակեցվել է, թե ինչպիսի պահեստազոր ունի Կիևը: Այդ ռեզերվը, թերևս մոտ 3,7 միլիոն ժամկետային զինծառայող է, շատ ավելի մեծ է, քան 200 հազար զինվորը, որը Կիևը հույս ունի մոբիլիզացնել այս տարի», - ասում է Շլեգելը:
«Վայրի մոբիլիզացիա»
Բայց խնդիրները բազմաթիվ են՝ սկսած արդյունավետ վերապատրաստման խոչընդոտներից․ օրինակ, շատ զինվորներ, ովքեր կարող են վերապատրաստվել, մահացել են կամ կռվում են ճակատում, և վերջացրած կոռուպցիայով, որը տղամարդկանց հնարավորություն է տալիս խուսափել ծառայությունից կաշառքների և այլ ապօրինությունների միջոցով:
Խոչընդոտներ կան նաև ծառայության համար, ներառյալ այն փաստը, որ մոբիլիզացիայի մասին օրենքը չի սահմանում զորացրման կամ ռոտացիայի կանոններ: Սա պոտենցիալ նորակոչիկներին անհանգստացնում է, որ ինչպես հյուծված զինվորները, ովքեր 2022-ից կամ 2023-ից ի վեր գրեթե առանց դադարի կռվում են, իրենք էլ երբ հայտնվեն այնտեղ, կարող են այլևս կենդանի չվերադառնալ։
«Ուկրաինսկա պրավդան» անցած օրերին, վկայակոչելով Գլխավոր դատախազության տվյալները, հայտնել է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է դասալքության մոտ 18 հազար 300 դեպք, ինչը չորս անգամ ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։
Տղամարդկանց բանակ ուղարկելու կամ գրանցման կանչելու բռնի փորձերը, որոնք երբեմն անվանում են «վայրի մոբիլիզացիա», նաև օրենքի ընդունումից առաջ են կիրառվել։ Համացանցում ժամանակ առ ժամանակ տեսանյութեր էին հայտնվում, որոնցում երևում են, թե ինչպես են հավաքագրողներն ագրեսիվ, կամակոր, երբեմն դաժան ձևերով ծանուցագրեր բաժանում:
Ուկրաինայում մարդուժի պակասի խնդրի սրմանը զուգահեռ սրվել է նաև հանրային բանավեճը։ Հունիսի վերջին Կիևում գործող «Ռազումկով» կենտրոնի սոցհարցումները վկայում են, որ հարցվածների գրեթե կեսը` 46 տոկոսը, հայտարարարել է, որ «զինվորական ծառայությունից խուսափելու մեջ ամոթալի ոչինչ չկա», իսկ 29 տոկոսն ասել է, որ ամոթ է։
Համերգներից դուրս ռեյդերը նյարդային արձագանք է հարուցել Ուկրաինայի համար ոչ դյուրին ժամանակահատվածում, երբ նախագահ Զելենսկին փորձում է ուկրաինացիներին և Կիևի օտարերկրյա աջակիցներին ներկայացնել «հաղթանակի պլանը»։ Ծրագիրը պահանջում է Արևմուտքի ավելի մեծ աջակցություն և մինչևպատերազմի ավարտը հրավեր ՆԱՏՕ-ից։
Հավաքագրողների և քաղաքացիական անձանց միջև ծեծկռտուքի կադրերը ակտիվորեն տարածվում են համացանցում բուռն արձագանք հարուցելով զինծառայության և մեթոդների հարցում տարաձայնություններ ունեցող ճամբարներում։
«Նրանք բոլորին անխտիր տանում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է հյուսիսային Չեռնիգով քաղաքի բնակիչներից մեկը։ «Եվ որտե՞ղ են նրանք ուղարկում նրանց՝ մահվան: Ես կարծում եմ, որ դա սխալ է»։
Չեռնիգովի մեկ այլ բնակիչ չհամաձայնեց․ - «Իմ կարծիքով՝ դա յուրաքանչյուր տղամարդու պարտքն է։ Ես ծառայում եմ 2015 թվականից։ Ես կռվել եմ երկու պատերազմներում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր ուկրաինացու տղամարդու պարտքն է»։
Մյուսները մեթոդների հարցն են վիճարկում։
«Մի կողմից թվում է, որ մենք պետք է համալրենք մեր բանակը և օգնենք նրանց, Մյուս կողմից՝ ինձ դուր չի գալիս, թե ինչպես են դա անում», - ասել է մի կին։
«Մինչ դուք կռվում եք, մենք պարել ենք ուզում»
Մոբիլիզացիայի մեթոդները, որոնք խաղաղ բնակիչների դեմ կիրառում են զինվորական հավաքագրողները՝ ռազմադաշտից վնասվածքներով վերադարձած վետերանները, «պայթուցիկ խառնուրդ» են ստեղծում, Current Time»-ին ասել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Նրանք կորցրել են իրենց զինակիցներին և իրենց առողջությունը, և ահա նրանք մեծ քաղաքի փողոցներում են, որտեղ կյանքը եռում է, որտեղ կան ռեստորաններ, ակումբներ, համերգներ», - ասել է պատգամավորը՝ շարունակելով․ - «Սա սխալ է, [հավաքագրման կենտրոնների] համակարգը պետք է ամբողջովին քաղաքացիական լինի։ Եվ այս ամենը, իհարկե, լարվածություն է ստեղծում ուկրաինական հասարակության մեջ»։
Կին զինծառայող Լեսյա Հանժան ֆեյսբուքյան մի գրառման մեջ ենթադրում է, որ «ամոթ» վանկարկումները, որոնք ուղղված են համերգասրահի մոտ տղամարդկանց հավաքագրողներին և ոստիկաններին, «ամոթը պատվի հետ շփոթող հասարակության» նշան է, պառակտում՝ մի կողմից զինվորականների և սովորական քաղաքացիների, մյուս կողմից՝ արտոնյալ, մեծամիտ վերնախավի միջև:
«Ինձ համար այսպիսի ուղերձ է՝ դուք անհաջողակներ եք, իսկ մենք՝ոչ։ Մենք ցանկանում ենք պարել, քանի դեռ դուք կռվում եք, և, մեր կարծիքով, դա նորմալ է։ Բացահայտ լկտիություն, որը ներկայացվում է որպես մարդու իրավունք»,- գրել է կին զինվորականը։
Okean Elzy-ի համերգից հետո տեղի ունեցածը նաև նոր պատուհաններ է բացում ռուսաստանյան քարոզչության համար, նկատում է Ուկրաինայի կառավարության աջակցությամբ գործող Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:
Կազմակերպության զեկույցի համաձայն, ռուսական լրատվամիջոցները և կրեմլամետ բլոգերներն այդ միջադեպերն օգտագործում են զարգացնելու այն խոսույթը, թե մոբիլիզացիան Ուկրաինայում անարդար է, և որ կառավարությունը «ցանկանում է պայքարել մինչև վերջին ուկրաինացին»:
Մարդուժի խնդիրը, սակայն, ըստ վերլուծաբանների, ստվերում է ռուսական քարոզչության ցանկացած սպառնալիք:
«Եթե մոբիլիզացիայի դինամիկան չփոխվի, հեռանկարները մռայլ են։ Աղետը քիչ հավանական է, բայց մենք անընդհատ նահանջելու ենք այն տարածքներում, որտեղ հակառակորդն առաջ է շարժվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ռազմական վերլուծաբան Նարոժնին։
«Այո՛, դանդաղ են առաջ գնում, այո՛, օրական մի քանի տասնյակ մետր են վերցնում, բայց սա նույն սողացող հարձակումն է, որը նման է մարդուն խժռող գանգրենայի, մեր դեպքում ՝ցավոք, խժռում է մեր երկիրը», - հավելում է Նարոժնին:
«Եթե ամեն ինչ չփոխվի, և այս բացասական միտումը շարունակվի, մենք կկորցնենք մեր երկիրն ու մեր ժողովրդին», - եզրափակել է վերլուծաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան ևս 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային