Պատերազմի երրորդ տարելիցին Կիևում են եվրոպացի առաջնորդները, Կանադայի վարչապետը

Ուկրաինայի նախագահը տիկնոջ հետ, եվրոպացի առաջնորդները, Կանադայի վարչապետը Կիևի Անկախության հրապարակում պատերազմի երրորդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, 24-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինայի նախագահը տիկնոջ հետ, եվրոպացի առաջնորդները, Կանադայի վարչապետը Կիևի Անկախության հրապարակում պատերազմի երրորդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, 24-ը փետրվարի, 2025թ.

Այսօր՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին, Կանադայի վարչապետը և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային և քննարկելու աջակցությունը Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ քաղաքականության փոփոխության պայմաններում: Պաշտոնյաների շարքում ոչ ոք չկար Միացյալ Նահանգներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ժամանում են Կիև

Նախ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեկցությամբ նրանք հարգանքի տուրք մատուցին պատերազմում զոհվածների հիշատակին: Ապա տեղի ունեցավ ֆորում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի:

Ռուսաստանի նախագահը չի նվիրի խաղաղություն, դրան պետք է հասնել ուժի, իմաստության և միասնության միջոցով, հայտարարեց Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի ռազմավարական թիրախը ոչ միայն Ուկրաինան է, այլև ամբողջ Եվրոպան։

«Եվրոպայի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Եվրոպայի: Մենք՝ Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ի հետ միասին պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի դիմաց», - ասաց Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինան արժանի է Եվրամիությանն անդամակցությանն ու ՆԱՏՕ-ի առաջարկած անվտանգության երաշխիքներին: «Եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ուկրաինայի ... համար փակ մնա, մենք այլ ելք չենք ունենա, քան Ուկրաինայում կառուցել ՆԱՏՕ», - հավելեց նա:

Կանադայի վարչապետն, իր հերթին, հայտարարեց՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Ուկրաինան կարողանա արդար և տևական խաղաղության հասնել՝ մասնակցելով բանակցություններին: «Կանադան հենց այդ նպատակի վրա է կենտրոնացած», - ասաց Ջասթին Թրյուդոն:

Ուկրաինայի պատերազմը մնում է Եվրոպայի ապագայի համար ամենագլխավոր և ամենամեծ հետևանքներ ունեցող ճգնաժամը, իր հերթին, հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Պուտինի նպատակը Ուկրաինայի կապիտուլյացիան է:

«Եվ մենք գիտենք, թե ինչ կարող է լինել հետո, քանի որ նման բան արդեն եղել է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը», - ընդգծեց Եվրահանձնաժողովի նախագահը:

Եվրոպացի պաշտոնյան հայտարարեց՝ Եվրոպայի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի դիմադրությունը հզորացնելը, և այդ նպատակով ԵՄ-ն Ուկրաինային ևս 3,.5 միլիարդ եվրոյի օգնություն կհատկացնի:

«Պետք է արագացնենք զենքի և զինամթերքի անհապաղ առաքումը: Եվ սա կլինի առաջիկա շաբաթների մեր աշխատանքի ամենակարևոր մասը», - ասաց ֆոն դեր Լայենը: Եվս 1 մլրդ եվրո հատկացնելու մասին հայտարարեց Իսպանիան:

Ֆորումին տեսակապով միացած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց՝ վերջին մի քանի շաբաթներին ԱՄՆ նախագահը փոխել է գլոբալ երկխոսությունը, և դա հնարավորություն է ստեղծել:

«Եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը պահպանվի, Ուկրաինան պետք է նստած լինի բանակցությունների սեղանի շուրջ, և ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի ինքնիշխան Ուկրաինայի վրա, որն ապահովված է անվտանգության ուժեղ երաշխիքներով», - ընդգծեց Սթարմերը:

Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարեց նաև պատերազմի սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ամենամեծ փաթեթի մասին՝ ավելի քան 100 սահմանափակում, որոնք թիրախում են ինչպես Ռուսաստանի ստվերային նավատորմը, այնպես էլ երրորդ երկրների անձանց, ընկերություններին, որոնք օգնում են Կրեմլին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի դեմ Լոնդոնի պատժամիջոցները ներառում են սահմանափակումներ ռուսական բանկերի, «ստվերային նավատորմի» նկատմամբ

Զելենսկին պատրաստ է հրաժարական տալ, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային

Մինչ այդ, Վլադիմիր Զելենսկին երեկ հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային:

«Եթե խոսքն Ուկրաինայում խաղաղության մասին է, և դուք իսկապես ցանկանում եք, որ լքեմ պաշտոնս, ես պատրաստ եմ դա անել: Երկրորդ՝ կարող եմ պաշտոնս փոխանակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ, եթե նման հնարավորություն լինի», - ասաց Ուկրաինայի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության

Պատերազմող երկրի ղեկավարը նաև կրկնեց՝ պատրաստ է ուկրաինական հանածոների արդյունահանման իրավունքը Թրամփի առաջարկով հանձնել Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տա։ Ըստ Զելենսկու, տրամաբանական կլինի, որ ԱՄՆ-ն, իր բիզնես շահերը պաշտպանելու համար, զորք տեղակայի Ուկրաինայում՝ մի բան, որ Վաշինգտոնը մերժել է:

«Եթե կարծում եք, որ տնտեսական գործարքն անվտանգության երաշխիքների մաս է կազմում, ապա ինչո՞ւ չի կարող ձեր զորքը լինել այնտեղ, որտեղ բիզնես շահեր ունեք։ Տրամաբանական չէ՞», - նշեց Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պատրաստ չէ ստորագրել, իսկ ԱՄՆ-ն ավելի է խստացրել հանածոների համաձայնագրի նոր տարբերակը  

«Եվրոպան խոչընդոտում է ԱՄՆ և Ռուսաստանի ջանքերին». Պեսկով

Մինչ այդ, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ փորձում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը, սակայն Եվրոպան խոչընդոտում է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով: Ըստ Կրեմլի խոսնակի՝ հենց այդ պատճառով էլ Մոսկվան առայժմ Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չի տեսնում։

«Նրանք համոզված են, որ պատերազմը պետք է շարունակվի։ Եվրոպացիների այս համոզմունքը լիովին հակասում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղիներ գտնելու տրամադրություններին», - նշել էր Պեսկովը:

Մինչ եվրոպացի պաշտոնյաներն աջակցություն են հայտնում արդեն երեք տարի պատերազմող Ուկրաինային, Վաշինգտոնում այսօր կայացել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Էմանյուել Մակրոնը Դոնալդ Թրամփին պետք է ներկայացնի Ուկրաինային աջակցության եվրոպական ծրագիը: Այն նախատեսում է մոտ 30 հազար զինվոր տեղակայել Ուկրաինայում, բայց ոչ թե սահմանագծին, այլ՝ երկրի կարևոր ենթակառուցվածքների մոտ՝ նրանց տրամադրելով արևմտյան օդային և ծովային ուժերի պաշտպանությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ WSJ. Փարիզն ու Լոնդոնը կխնդրեն Վաշինգտոնին աջակցել խաղաղապահ առաքելությանը

Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմի հետևանքով առնվազն 46 հազար ուկրաինացի զինվոր սպանվել է, վիրավորվել՝ մոտ 380 հազարը։ Արևմտյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ դեկտեմբերի դրությամբ ռուսական կողմից սպանվածների և վիրավորների թիվը գերազանցում է 700 հազարը: Սեփական կորուստների մասին ճշգրիտ տվյալներ Մոսկվան մինչ օրս չի հրապարակել։