Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ փաստաբանների հաղորդումը Գլխավոր դատախազությունից հասել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստաբանները նախարարի հայտարարագրերը վերլուծել են ու նրան կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ։
«Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ էստեղ կա՛մ մենք փողերի լվացման հետ գործ ունենք, կա՛մ ապօրինի հարստացման, դե հայտարագրում կեղծ տվյալներ ներառելն էլ դա արդեն ուղղակի ենթադրվում է այս հաշվետվությունից», - հայտարարում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Վահե Հովհաննիսյանը 2021 թվականից է Ֆինանսների նախարարությունում, նախ տեղակալ էր։ Մինչ այդ աշխատել է Ասիական զարգացման բանկում։ Փաստաբանների ակումբը համեմատել է պաշտոնավարման շրջանի բոլոր հայտարարագրերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ պաշտոնի նշանակվելուց հետո Հովհաննիսյանը 1 միլիոն դոլար անտոկոս փոխառություն է ստացել, օրեր առաջ ասուլիսում ներկայացրեց Արա Զոհրաբյանը.
«Այսինքն, մենք ունենք հետևյալ տեղեկությունը, որ 21 թվականին նա ստացել է 1 միլիոն դոլար 0 տոկոսով փոխառություն: Հավատացեք, սա նույնպես շատ կասկածելի գործարք է՝ պաշտոնատար անձը, նման բարձր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է 1 միլիոն դոլար՝ առանց տոկոսի»:
Ըստ փաստաբանների՝ 1 միլիոն դոլարով բարձրաստիճան պաշտոնյան գնել է «Կարիտաս Իտալիանա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, ավելի ուշ այդ կազմակերպությունը վերակազմավորվել է որպես «Ջի կոդեր», Հովհանիսյանն իր բաժնեմասը վաճառել է ազգականին: Իսկ 2023-ին Կառավարությունն այս ընկերությանը տրամադրել է 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։
«Չորս ընկերություններ կան, որոնք առնչվում են կամ փոխկապակցված են Վահե Հովհաննիսյանի հետ, և դրանցից երկուսը «ԷլՍիԷմՍի» ՍՊԸ-ն է, որին դեռևս պաշտոնը ստանձնելու դրությամբ Վահե Հովհաննիսյանը խոշոր չափերի փոխառություն ուներ տրամադրված՝ 35 միլիոն, մի քիչ ավել, դրամ, և որը մինչև հիմա պահպանվում է», - նշում են փաստաբանները:
Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է նյութերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում էլ։ Քննում են նաև լրատվամիջոցների հրապարակումները։ Փաստաբաններից առաջ Factor TV-ն պարզել էր, որ նախարարը հայտարարագրում չի նշել 1 միլիոն դոլարի փոխառությունը: Ինչպե՞ս է մարել նախարարը, եթե եկամտի աղբյուրը միայն աշխատավարձն է նշել։ Կոռուպցիոն ռիսկեր կա՞ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, թե շարունակում են ուսումանասիրել։
«Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, երբ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկից առանց պատշաճ հիմնավորման տեղափոխվել է ընդհանուր հարկային ռեժիմ, ինչով փաստաբանական գործունեության հարկային ծանրաբեռնվածությունը շեշտակի ավելացել է», - ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Նախարարը փաստաբանների թիրախում հայտնվեց, երբ որոշեցին Հարկային օրենսգրքում փոփոխություններ անել ու մասնագիտական գործունեություն ծավալող ընկերությունների հարկային բեռը մի քանի անգամ ավելացնել։ Եթե նախկինում 5 տոկոս շրջանառության հարկ էին վճարում, այդ փոփոխություններով փաստաբանները հունվարի 1-ից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ ու 18 տոկոս շահութահարկ են վճարելու։ Այս փոփոխության դեմ փաստաբաններն ամիսներ շարունակ ակտիվ պայքարում են։
Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, թե հայտարարագրերում անհամապատասխանությունները տեխնիկական վրիպակներ են, հիմա շտկում են։ Կոռուպցիոն կասկածներն անհիմն են համարում։
«Մենք մեր պաշտոնական դիրքորոշումը տվել ենք, որ հայտարարագրում իսկապես առկա են մի քանի վրիպակներ, որոնց համար մենք արդեն համապատասխան ընթացակարգային քայլերը ձեռնարկել ենք», - ասաց Ինգա Գալուստյանը:
Նախարարի խոսնակը պնդեց՝ մեկ միլիոն անտոկոս վարկը ստանալու պահին Վահե Հովհաննիսյանը պաշտոն չի ունեցել. - «Փաստաբանների կողմից մի քիչ ուրիշ ձև է ներկայացվում. երբ որ էդ 1 միլիոն դոլարի վարկի և այլնի մասով իրենք ներկայացնում են, որ նախարարը եղել է այդ պահին պաշտոնատար անձ, բայց նախարարը էդ ժամանակ ընդհանրապես պաշտոնատար անձ չի եղել»:
Փաստաբան Արա Զոհրաբյանը, մինչդեռ, ընդգծում է. - «Եվ մեզ մոտ բնական հարց է ծագում՝ ֆինանսների նախարար, ով բյուջեի հանրային կառավարման և վերահսկող պաշտոնատար անձն է, եթե նման թափթփված է իր սեփական բյուջեի նկատմամբ, իր սեփական հաշվետվության նկատմամբ, ինչպե՞ս է նրան վստահվել ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բյուջեի կառավարման, հաշվապահական հաշվառման Կառավարության քաղաքականության վարումը»:
Արդյոք քրեական վարույթ հարուցելու հիմքեր կան, Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն հայտնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում էլ եզրահանգումը շուտ չի լինի։ «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշումը հաջորդ տարի կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ո՞վ ո՞ւմ է «սպանել» և ո՞վ է ավելի «կոռումպացված». փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում Փաստաբաններին առնչվող օրենքում սահմանադրականության հետ կապված լրջագույն խնդիրներ կան. Արմինե ՖանյանԱԺ լսումների մասնակիցները քննադատեցին առաջարկվող հարկային փոփոխությունները