Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և հրավիրել Հայաստան:
«Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը», - նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։
Վարչապետը շնորհավորել է նաև գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նշելով. - «Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նոյեմբերին հանդիպել են Բուդապեշտում և քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը