Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, Մոսկվայում, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կրկին շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան՝ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
Փաշինյանը վերահաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։
Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ պատասխանել է. - «Երբ ամբողջը համաձայնեցվի»:
Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիևն ուսերն էր թոթվել:
Փաշինյանն ԱՊՀ նեղ կազմով նիստին պնդել է՝ ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն:
Միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանում, միմյանց ներքին գործերին չմիջամտում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարում, երկկողմ մեխանիզմների ստեղծում․ հենց այս հիմնարար հարցերի շուրջ էլ այս փուլում պետք է որոշում կայացվի, որոնք, ըստ Փաշինյանի, կարող են խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։
Ընդգծելով, որ վերոնշյալ հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է համաձայնագրի նախագծում՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է․ - «Մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայում Հայաստանի վարչապետն Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքել արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ու շարունակել հետագա քննարկումները, ինչը Բաքուն մերժում է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջխաղացման համար՝ միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն հույս ունի մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի հոդվածներ ստորագրել Ադրբեջանի հետ. նախագահՏրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում
Փաշինյանը Հարավային Կովկասում կայունության հաստատման մեկ այլ կարևոր ասպեկտ է համարել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։
Գործադիրի ղեկավարը հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։
«Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ասել է վարչապետը։
Տարածաշրջանի ապաշրջափակման թեման վերջերս հայ-ռուսական լարվածության ևս մեկ առիթ էր դարձել։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները ոչ թե պետք է տեղակայվեն Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին, այլ ընդամենը մոնիտորինգի գործառույթ իրականացնեն։ Ռուսական կողմը մինչդեռ մեղադրում է Երևանին ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։
Սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էր քննադատել Երևանին՝ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չկատարելու մեջ։ Այխան Հաջիզադեն միաժամանակ պնդել էր, թե Բաքուն այլընտրանքային տարբերակ էլ ունի, և դրանից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է։
Փաշինյանն ԱՊՀ նեղ կազմով նիստին անդրադառնալով Բաքվի այս հայտարարություններին ասել է՝ Բաքվի այլընտրանքային տարբերակին Երևանը չի առարկում՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ պատրաստ է իր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի կողմից։
«Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում», - ասել է գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։
«Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք», - եզրափակել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. ՓաշինյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին «առաջարկել է ապաշրջափակման ծրագիր՝ նկարագրելով թե՛ անվտանգային, թե՛ ծառայությունների մատուցման կարգը»