Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից

«Պաշտոնանկություններն ավելի շատ համակարգերի հետ են կապված»

Վերջին կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են, Հանրային ՀԸ հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես ասել եմ, տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված», - ասաց նա։

Հարցին, թե ո՞ր պաշտոնյայի աշխատանքի ո՞ր մասից էր դժգոհ, վարչապետը կոնկրետ չպատասխանեց, միայն հավելեց. - «Այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոնք 2018թ.-ից են բարձրացվել, դրանից առաջ, մինչև օրս էլ, և այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշություն ունեն»։

Ըստ նրա՝ հաճախ պետական կառավարման համակարգում գալիս է մի պահ, երբ բարեփոխումներ բերող ղեկավարները դառնում են հենց համակարգի մաս, և նույն տեմպով շարունակելը բարեփոխումների պրոցեսն անհնար է դարձնում։ Սակայն, այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը չմատնանշեց, թե կոնկրետ որ պաշտոնյան ինչպես է դարձել համակարգի մաս և ինչ բացեր է թողել։

Մեկ օրում առանցքային կառույցներից վեց պաշտոնյա էր հեռացել։ Սրան նախորդել էր դատաիրավական ոլորտից վարչապետի դժգոհությունը։

Վարչապետի հորդորով պաշտոնից ազատման դիմումներ էին գրել Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարները, ԲԴԽ և ՊԵԿ նախագահները, ներքին գործերի և տարածքային կառավարման նախարարները: Ընդդիմությունը, իրավապաշտպանները քննադատել էին նման մոտեցումը։

Հարցին, թե ԲԴԽ-ն անկախ կառույց է, և նրա արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն է՞լ է իր հորդորով ազատման դիմում գրել, Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետի հորդոր չի եղել, այլ խնդրանք։

Արթուր Պողոսյանին կառաջադրի ՔԿ նախագահի պաշտոնում

Նա նաև հաստատեց, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։

Պողոսյանն այս պահին գլխավոր դատախազի տեղակալն է։

43-ամյա Պողոսյանը Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2022 -ին։ Մինչ այդ նա զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020 -ին, երբ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը, կառույցի քննչական դեպարտամենտի պետն էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ի նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Պողոսյանի անունը. առանցքային պաշտոնները դեռ թափուր են

Մանդատը վայր դնելու խնդրանք Զեյնալյանին ու Աղազարյանին

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Զեյնալյանի մանդատը վայր դնելուն՝ վարչապետ Փաշինյանն ասաց․ «Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»։

Նա հույս հայտնեց, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կպակասի մի հավեսին պատգամավոր». ի՞նչ կլինի, եթե Աղազարյանը մանդատը կորցնի

Ի դեպ, երկուսն էլ հերքել էին, թե նման հորդոր կամ խնդրանք է իրենց եղել։ Նարեկ Զեյնալյանը շեշտել էր, որ որևէ մեկի պարտադրանքով չի հրաժարվել մանդատից։

Նարեկ Զեյնալյանի և Հովիկ Աղազարյանի վերաբերյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ անցած ամիս կարգապահական վարույթ էր հարուցվել՝ խորհրդարանում տեղի ունեցած լսումներից հետո, երբ պատգամավորներն ու Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավարը վիճել էին, վիրավորել ու մեղադրել իրար։

«Կացնային մոտեցում»

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պատրաստվում է կրճատել ծառայողական մեքենաները։

«Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզում եմ և գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Սա կացնային մոտեցում է։ Խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի գլխավորած կառավարությունը հուլիսին գործադիրի նիստում որոշեց պետական բյուջեից 1 միլիարդ 38 միլիոն դրամ հատկացնել պետական գույքի կառավարման կոմիտեին նոր՝ 2024 թվականի արտադրության էլէկտրական ու հիբրիդային մեքենաներ գնելու համար։ Իսկ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա էր գնել կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել Արգիշտի Քյարամյանի համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «46 հազար դոլարը ծառայողական մեքենայի համար շատ է». Սպիտակի համայնքապետի նոր մեքենան

Եվրաքվեի մասին

Վարչապետն ասաց՝ վստահ էր, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները կհավաքվեին։

«Եվրաքվեի դեպքում ինձ համար անսպասելի էր, որ իմ այդ ելույթը, որ «ՀՀ-ն պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», սոցիալական ցանցերում ամենամեծ տարածումն ու արձագանքն ունեցածն է», - ասաց նա՝ հավելելով, որ հանրային արձագանքն այնքան քաջալերող և համաձայնության տրամաբանությամբ էր, որ առնվազն պետք է լուրջ մտածեն դրա վերաբերյալ։

Ըստ էության, նա վերահաստատեց ԵՄ-ին մոտ լինելու իր հայտարարությունը. «Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, ոչ միայն մեր հանրության ներսում, այլ նաև նույն եվրոպական հանրության համար դժվար կլինի բացատրել... կասեն՝ եկաք, սենց բան ասացիք, գնացիք, ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք։ Այդտեղ չկա քաղաքական տրամաբանություն»։

Անհրաժեշտ 50 հազարի փոխարեն ժամանակից շուտ 60 հազար ձևաթուղթ էին «Եվրաքվե» նախաձեռության անդամները 4 տուփով ներկայացրել ԿԸՀ: Ստորագրությունները հավաքելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն էր: Արևմտամետ ուժերը նկատում են՝ գնդակն իշխանության դաշտում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչ ԵՄ-ին անդամակցելու համար ստորագրությունները պատրաստ են, ընդդիմությունը պնդում է՝ ՀՀ-ն Եվրոպայից հեռացել է

Հրաժարվել միջազգային հայցերից խաղաղության պայմանագրի կնքման դեպքում

Փաշինյանը, ըստ էության, հաստատեց խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի 3 պահանջները։ Ավելի վաղ Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն էին գաղտնազերծել։ Դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Չհամաձայնեցված երրորդ կետն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց՝ կարծում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում կարելի է փոխադարձաբար հետ կանչել հայցերը միջազգային դատարաններից։

«Եթե մենք տեսնում ենք, որ իրական հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է ներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար», - հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ այսօր «Ազատության» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ մեկ շաբաթ առաջ հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանք, ըստ Մարուքյանի, պնդել են, որ իրենք արդեն ունեն վերջնական հաշվարկներ և մոտավորապես 1 տրիլիոն դոլարի պահանջ պատրաստվում են ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Ինչ վերաբերում է եվրոպացի դիտորդներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է նրանց հեռացնել սահմանազատված հատվածներից։ Նա նշեց՝ Երևանը հանդես է եկել այդ առաջարկով։

Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչու է Հայաստանը իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման հարցը քննարկում Ադրբեջանի հետ։

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում էր անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։

Եվրամիությունն էլ դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակեն մնալ այստեղ, թե ոչ։

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում պետք է Երևանն ու Բաքուն շարունակեն սահմանազատումը, ասաց Փաշինյանը՝ ենթադրելով, որ քննարկումները կշարունակվեն Բաքվում COP29-ի ավարտից հետո։