Հռոմի Պապի հետ հանդիպմանն այսօր Վատիկանում գտնվող վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։ Ինչ ջանքեր է գործադրել կամ գործադրում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, կառավարության հաղորդագրությունից պարզ չի դառնում։
Վատիկանի պաշտոնական կայքը ևս այս մասին մանրամասներ չի հաղորդում, նշվում է միայն, որ կես ժամ տևած զրույցից առաջ Փաշինյանն ու Պապը նվերներ են փոխանակել։ Վարչապետը պապին է նվիրել Սուրբ Գրիգոր Նարեկացու ոսկեզօծ «Մատյան ողբերգությունը», իսկ պապը Հայաստանի ղեկավարին՝ իր այս տարվա խաղաղության ուղերձն ու «Քնքշություն ու սեր» վերնագրված քանդակը։
Ֆրանցիսկոս Պապը 2021-ին իր ամենամյա ուղերձում էր անդրադարձել հայ գերիների շուտափույթ վերադարձին, նա նաև պարբերաբար խաղաղություն հաստատելու կոչեր է արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապը երկխոսությունը շարունակելու կոչ է անում Հայաստանին և ԱդրբեջանինԱդրբեջանական գերության մեջ պահվող Գևորգ Սուջյանի կինը պնդում է՝ չգիտեն՝ ուղարկված նամակը հասե՞լ է Հռոմի պապին
Ադրբեջանական գերության մեջ պահվող Գևորգ Սուջյանը դեռ մեկ տարի առաջ է նամակ հղել Հռոմի պապին: «Ոչ մարդասպան եմ, ոչ էլ խաբեբա, բայց քարկոծվում է անձս հանցապարտ, իբրև չարագործ... ազատեք ինձ այս մեղքերի բանտից և անարժանիս տվեք փրկություն» - գրել է Սուջյանը Պապին ուղղված իր երկու էջանոց նամակում։
Կինը՝ Լիլիթ Սուջյանն ասում է՝ թեև ուղիներ էին գտել նամակը Վատիկան հասցնելու, բայց տեղյակ չեն՝ ի վերջո՝ այն հասել է հասցեատիրոջը, թե՝ ոչ։ Գևորգի ու Լիլիթի տղան 11 տարեկան է. - «Հիմա, որ գիտի հայրն ուր է, ավելի հանգիստ է, առաջ մտածում էր՝ մեզ թողել-գնացել է»:
Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց։ Կինը պատմում է, որ ողջ պատերազմի ընթացքում երկուսն էլ զբաղված էին բացառապես մարդասիրական աշխատանքներով. - «Միայն հումանիտար օգնություն. բարեգործական կազմակերպության նախագահ է»:
Բաքուն հայ տղամարդկանց ապօրինի զենք պահելու, լրտեսության, անօրինական զինված խմբում մասնակցության և սահմանի անօրինական հատման հոդվածներով է մեղադրանք առաջադրել։ Դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին նրանք անցկացնելու են բանտում, իսկ 10 տարին՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
«Իրեն վերագրում են, որ լրտեսություն է արել, բայց պատերազմական գործողությունների չի մասնակցել, սահմանի հատում, որ ասում են, էդ էլ չի հատել: Լաչինի ճանապարհը մի քանի օր հետ բացվեց, բոլորը գնում-գալիս էին, ուղղակի իրենց բախտը չբերեց էդ օրը», - ներկայացրեց Լիլիթը:
Ադրբեջանական գերության մեջ Գևորգ Սուջյանից բացի ևս 22 հայեր կան, նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Բաքուն հայ գերիներին ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու մեջ է մեղադրել ու ոմանց արդեն դատապարտել է ընդհուպ 20 տարվա ազատազրկման։
Թեև Բաքվում անցկացվող COP29-ին ընդառաջ ակնկալիք կար, որ հայ գերիների հայրենադարձման հարցում ինչ - որ տեղաշարժ կլինի, սակայն մինչ այս պահը կողմերը որևէ հրապարակային տեղեկություն չեն հայտնել այս մասին։