Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները անցած տարիներին «գրանցել են աննախադեպ առաջընթաց», ըստ վարչապետի աշխատակազմի, Դոնալդ Թրամփին ուղղված նամակում գրել է Հայաստանի վարչապետը՝վստահություն հայտնելով, որ նրա նախագահության օրոք երկկողմ կապերն է՛լ ավելի կամրապնդվեն։
Շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով՝ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ նրա «հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը»:
Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի «արդյունավետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման գործում», հույս հայտնելով, որ այդ նպատակի իրագործումը նոր հնարավորություններ կբացի երկկողմ հարաբերություններում, հատկապես՝ «տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում»:
«Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը», - ասված է ուղերձում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)