Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցությունները

Կազանում մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Որևէ առաջընթացի մասին կողմերը չեն հաղորդել։


Հայաստանի վարչապետը տևական ժամանակ է՝ առաջարկում է Ալիևին ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները, իսկ չհամաձայնեցվածների քննարկումը շարունակել, սակայն Ադրբեջանը կտրականապես դեմ է այդ մոտեցմանը՝ պատճառաբանելով՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Այսօրվա հանդիպման արդյունքներով այդ հարցին անդրադարձ չկա։

Կողմերը նաև փոխանցում են, որ խաղաղության պայմանագրից բացի քննարկել են նաև սահմանազատման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մինչ այս հանդիպումը Փաշինյանն ու Ալիևը նաև ընթացող ելույթներին զուգահեռ մոտ մեկ ժամի չափ ակտիվ շփվում էին BRICS+ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, որտեղ նստած էին կողք կողքի:


Տեսախցիկը որսացել է, որ ինչ- որ պահի այդ ակտիվ շփմանը միանում են նաև երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Երկու ղեկավարների ակտիվ շփումը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ողջունում՝ Փաշինյանի ելույթից հետո իր արձագանքում. - «Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Դա է ճիշտ ճանապարհը դեպի խաղաղության պայմանագիր»։

Հայաստանի վարչապետն իր ելույթում խոսեց «Խաղաղության խաչմերուկից» ու խաղաղության պայմանագրից, նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը 80-90 տոկոսով համաձայնեցված է, և որ Ադրբեջանին առաջարկում են ստորագրել արդեն այդ համաձայնագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ամեն դեպքում ձգձգում է և չունի անկեղծ մտադրություն հասնելու համաձայնության. քաղաքագետ

Փաշինյանը հայտարարեց՝ ՍԴ որոշումը փարատում է մտահոգությունները Հայաստանի Սահմանադրության հետ կապված

Վարչապետը նշեց, որ Հայաստանը վավերացրել է սահմանազատման կանոնակարգը, և դրա ուժի մեջ մտնելուց հետո արդեն հնարավոր կլինի ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է մտահոգությունները Հայաստանի Սահմանադրության հետ կապված: Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը Ադրբեջանն ու Թուրքիան են առաջ մղում, պնդելով, թե այնտեղ տարածքային նկրտումներ կան հարևանների հանդեպ:

Փաշինյանը կրկնում է՝ ՀՀ-ն չի համաձայնել հաղորդակցությունների անվտանգության գործում երրորդ երկրի մասնակցության

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով պատրաստ է արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը կապող հանգույց դառնալ, մանավանդ որ դա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի ու Պարսից ծոցի, Կասպից ու Մարմարա ծովերի միջև: Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանին պարզեցված մաքսային ընթացակարգ են առաջարկել, սակայն ճանապարհը պետք է գործի երկու երկրների ինքնիշխանությունը հարգելով, Հայաստանն էլ կարող է երաշխավորել ճանապարհի անվտանգությունը:

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Հայաստանն ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռների, մարդկանց և տրանսպորտի տարանցման անվտանգությունը, դա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունն է, մենք դա երաշխավորում ենք և միշտ կարող ենք երաշխավորել: Բոլոր պնդումները, որ Հայաստանը որևէ կերպ իբրև թե համաձայնել է, որ որևէ երրորդ երկիր պետք է ապահովի կոմունիկացիաների անվտանգությունը իր ինքնիշխան տարածքում, կամ որևէ փաստաթղթով դա նախատեսված է, չի համապատասխանում իրականությանը:

Ալիևը խոսեց տարածաշրջանային ճանապարհների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կարճ ելույթում Փաշինյանից առաջ արդեն իսկ անդրադարձել էր տարածաշրջանային ճանապարհներին, նշելով. - «Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով արդեն իսկ դարձել է Եվրասիայի կարևոր տրասնպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը: Հյուսիս -հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքները Ադրբեջանի տարածքով են անցնում: Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները Ադրբեջանի տարածքում շատ լավ գործում են»:

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին, այն հնարավորինս շուտ ստորագրելու Երևանի առաջարկին, Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին Ալիևն իր ելույթում չանդրադարձավ՝ կենտրոնանալով հիմնականում Բաքվում անցկացվելքի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի վրա։