Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին և հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Վաղը մեկնելու եմ Մոսկվա, որտեղ նախագահելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովում: Նախատեսված է նաև իմ հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ», - երեկ մամլո ասուլիսում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Օրերս Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտնել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի:
«Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը», - նշել է Ուշակովը։
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետը հաստատեց, որ վաղը կմեկնի Մոսկվա