Մոտ երեք տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից է նման եզրահանգում արել: Իլհամ Ալիևը տարին սկսել է հայկական կողմին ուղղված տարբեր սպառնալիքներով և կոշտ նախազգուշացումներով, թե իրենց պահանջները չկատարելու դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի:
Վարչապետ Փաշինյանը կարծում է՝ Ադրբեջանը մի նպատակ ունի. - «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմի հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»:
Հայաստանի կառավարությունը չի գնալու այդ ճանապարհով, «Արմենպրես»-ին տված գրավոր հարցազրույցում վստահեցրել է վարչապետն ու հավելել՝ կիրառելու են ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզուն:
Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում Հայաստանն անվանել է ֆաշիստական պետություն: Նիկոլ Փաշինյանն այս մեղադրանքին անդրադառնալիս պատրաստակամություն է հայտնել Բաքվի հետ քննարկել և հասկանալ, թե որն Հայաստանի մասին նման ընկալման պատճառը:
«Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը», - նշել է վարչապետը:
Իսկ որպեսզի խնդիրները լուծվեն և պայմանագիր ստորագրվի, վարչապետ Փաշինյանն ակնկալում է, որ Բաքուն դրական կարձագանքի համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերի՝ Հայաստանից ԵՄ դիտորդների դուրսբերման և իրավական վեճերի բացառման շուրջ հայկական կողմի առաջարկներին: Ադրբեջանը մոտ երկու ամիս է՝ ոչ միայն այդ, այլ նաև հաղորդակցությունների բացման հարցում Երևանի առաջարկներն անպատասխան է թողնում:
Փոխարենը՝ նախագահ Ալիևը չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջից: Ի պատասխան՝ Փաշինյանը պնդել է, թե իրագործելու են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և կրկին հիշեցրել ապաշրջափակման ուղղությամբ արված առաջարկների մասին: Սրանց բովանդակությունը Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի բացահայտել:
«Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանը նաև Հայաստանի ռազմական գնումներից է դժգոհ: Տևական ժամանակ է՝ Երևանն առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել, Բաքուն սրան էլ չի արձագանքել, հակառակը՝ Ալիևն այս անգամ ավելի հեռուն է գնացել՝ պահանջելով խզել կնքված պայմանագրերը, վերադարձնել արդեն առաքված զենքերը: Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանել է, թե բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա:
«Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Մենք Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի իրավունքը», - հայտարարել է Փաշինյանը:
Ալիևը չի շրջանցել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման: Այս դեպքում վարչապետ Փաշինյանը հղում է արել իր նախորդ հայտարարությանը, երբ ասել էր, թե այդ օրակարգը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է»․ ԱլիևՍահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին. Ալիև«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի». Ալիև