Փարիզը խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը. Հաջիզադե

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Ֆրանսիայի գործողությունները վիժեցնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և միայն սրում են իրավիճակը, Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի ռազմական ներուժի ուժեղացումը, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը և ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ, սպառնալիք է խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Սա Հայաստանին ոգեշնչում է այլ ապակառուցողական գործողություններ ձեռնարկել», - ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Հայաստանն ու Ֆրանսիան պետք է դադարեցնեն տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությունը, և վերջապես հասկանան, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»:

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստաատեց՝ Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հայտարարում է՝ շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը