Փարաքարում անցած շաբաթավերջին մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը հին հոգսերի ու չիրականացված խոստումների մասին է հիշեցրել․
«Ամբողջ օրը փոշի ենք շնչում, ահավոր ա, էդ փողոցը դառել ա տրաս։ Խոսք են տալիս, ոչ մի բան էլ չի լինում ․․․ »։
«Ոչ մի բան մեր համար չարեցիք ․․․ »։
Ինը գյուղ ներառող համայնքի ավագանիում հայտնվելու ու Փարաքարի ղեկավարումը ստանձնելու համար չորս ուժ է պայքարում, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մրցապայքարին նաև նաև 2021-ին իշխանականների հետ կոալիցիա կազմած Դավիթ Մինասյանն է մասնակցում՝ այս անգամ արդեն ոչ թե սեփական դաշինքով, այլ «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ։ Քարոզարշավի հենց սկզբից դարձյալ չի բացառում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը․
«Էս պահին ոչ մի ուժի հետ չեմ բացառում իմ կոալիցիան, ես ստույգ չեմ կարա պատասխանեմ, մինչև մենք ընտրությունների արդյունքները չիմանանք»։
Թեկնածուն խոստանում է կիսատ թողած գործերը շարունակել՝ ասֆալտապատում, կոյուղիների խնդիր, խաղահրապարակների կառուցում։ Փարաքարում 2021-ի ընտրություններին ամենաշատ ձայները ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունն էր ստացել, սակայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միավորվելով՝ հերթով ստանձնեցին համայնքի ղեկավարումը։
Մինասյանը երկուսուկես տարի ղեկավարեց Փարաքարը, հետո Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնեց այդ պաշտոնը։ Երկուսն էլ պաշտոնից հեռացան քրեական պատմությունից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փարաքարի ավագանու լիազորությունները դադարեցվեցին, արտահերթ ընտրությունների որոշում կայացվեցՓարաքարի փրայմըրիզում հաղթեց հրաժարական տված համայնքապետը«Իմ կամքից անկախ հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ վայրում». Փարաքարի նախկին համայնքապետՍպանության դեպքից երկու օր անց Փարաքարի համայնքապետը հրաժարական է տվելՆախորդ ընտրություններին ամենաշատ ձայները ստացած «Ապրելու երկիրն» էլ է ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրել։ Համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Նա չի բացառում հավանական գործակցությունը մրցակիցների հետ, բայց վստահ է՝ կոալիցիա կազմելուն հերթը չի հասնելու․ - «Մինչև քարոզարշավ սկսելը էդ հարցի հետ կապած այլ ա եղել իմ կարծիքը, բայց հիմա, ես ոնց հասկանում եմ, ստեղ կոալիցիայի, ինձ թվում ա, խնդիր էլ չի լինելու, ժողովուրդը իր քվեով ամսի 30-ին կապացուցի դա»։
Գրիգորյանը սեփական կուսակցության նախընտրական ծրագիրը մրցունակ է որակում։ Հավաստիացնում է՝ դրանում անդրադառնում են խոշորացված համայնքի բոլոր կարևոր, այդ թվում՝ հանրային տրանսպորտի, խնդիրներին։
«Բացառում եմ բոլոր խարդավանքները ժողովրդի թիկունքում»․ - թափանցիկ աշխատելու խոստումով ընտրապայքարին միացել է Գոռ Սարիբեկյանը, մասնագիտությամբ իրավաբան է, ցանկանում է պայքարել համայնքում հանցավոր միջավայրի դեմ։ Նա էլ չի բացառում հնարավոր կոալիցիաները:
«Ես բաց եմ լինելու, ասում եմ՝ բոլորի համար ես բաց եմ համայնքի կոնստրուկտիվ կառավարման համար։ Կլինի իշխանությունը, կլինի ընդդիմությունը, կլինի մյուս ուժերը՝ ես պատրաստ եմ կոնստրուկտիվ ․․․ Գիտե՞ք ոնց՝ ժողովրդին մեծ հաշվով մեկ ա՝ ինչ ա լինում։ Եթե միանում են, ուրեմն միանում են մեր առաջ քաշած սկզբունքներով», - այսօր հայտարարեց Սարիբեկյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն այսօր ասաց՝ ժամանակ չունի, չի կարող մեկնաբանություն տալ։
Թեկնածուն ծավալուն աշխատանքներ է խոստանում՝ Փարաքարի փողոցների բարեկարգումից մինչև հանրային տրանսպորտի բարելավում։ Գյուլնազարյանը տարեսկզբից Փարաքարի ղեկավարի պաշտոնակատարն է: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ուղիղ մեկ օր առաջ նա համայնքի գյուղերից մեկում մանկապարտեզ էր բացել, իշխանականները դա «հետաքրքիր զուգադիպություն» էին համարել: