Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ այցելել է N բանակային զորամիավորում, եղել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Պապիկյանը բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:
Պաշտպանության նախարարը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին, հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին:
Օգոստոսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հայտարարեց՝ զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիրներ կան։
«Երկու օր առաջ ես չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի հենց դեմը մի մետրը երկու մետրի վրա մի հատ փոս էր, ու այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ Պաշտպանության նախարարության հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք մուտքերի վիճակը։ Ամեն օր այդտեղ պրոցես է տեղի ունենում, ու ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկան։ Սա խորը խնդրի մասին է իրականում», - հայտարարել էր Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք»․ վարչապետը Տավուշի մարզում է