Պակիստանում հզոր պայթյունի հետևանքով 2 չինացի բանվոր է զոհվել

Իրավապահները հետաքննություն են անցկացնում պայթյունի վայրում, 6-ը հոկտեմբերի, 2024թ․

Պակիստանի ամենամեծ քաղաքի՝ Կարաչիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով Չինաստանի երկու քաղաքացի է զոհվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է անջատողական Բելուջների ազատագրման բանակը:

Չինաստանի դեսպանատունը խստորեն դատապարտել է տեղի ունեցածն՝ այն որակելով «ահաբեկչական հարձակում»։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում:

Նա ևս դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն ոչ միայն Պակիստանի դեմ է, այլ նաև Պակիստանի և Չինաստանի բարեկամության դեմ՝ խոստանալով պատժել բոլոր մեղավորներին։


Դեսպանատան տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան և թիրախը Port Qasim Electric Power Company Limited-ի չինացի աշխատակիցների ավտոշարասյունն է եղել։

Պակիստանում հազարավոր չինացիներ աշխատում են ածխով աշխատող երկու էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի կառուցման նախագծերի վրա, որոնք ժամանակ առ ժամանակ ենթարկվում են հարձակման։

Բելուջների ազատագրական բանակը, որը հարձակումների հիմնական պատասխանատուն է, պնդում է, որ Չինաստանը համագործակցում է Պակիստանի կառավարության հետ՝ թալանելու իրենց տարածաշրջանը։ Պակիստանի կառավարությունն էլ, իր հերթին, պնդում է, որ այս զինված խմբավորման նկատակն է ոչնչացնել Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը, և դրա հետևում տեսնում են այլ երկրների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանում զինված անձինք սպանել են 23 մարդու