Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար: Այդ մասին այսօր հայտնել է WAFA գործակալությունը։
«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու [իսրայելական և պաղեստինյան] պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը», - ասվում է հայտարարությունում:
Պաղեստինի վարչակազմը շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար, որն ամրապնդում է երկկողմ կապերը և նպաստում խաղաղությանն ու կայունությունը տարածաշրջանում»։
Ավելի վաղ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Երևանը ճանաչել է Պաղեստինի պետականությունը։
Այս տարեսկզբին Պաղեստինը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ