Ովքեր են հրաժարական ներկայացրած պաշտոնյաները և ինչ ճանապարհ անցան Փաշինյանի օրոք

Վահե Ղազարյանը՝ պաշտոնից հեռացողների շարքում

Նիկոլ Փաշինյանի կառավարման 6,5 տարիներին 2 ոստիկանապետի ու ՆԳ մեկ նախարարի փոփոխություն է եղել։ Վալերի Օսիպյան, Արման Սարգսյան... նրանց 2020-ի հունիսին փոխարինեց ծնունդով իջևանցի Վահե Ղազարյանը։

Վարչապետի մանկության ընկերը կարիերայի կայծակնային աճ ունեցավ։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդեն 10-րդ օրը նա Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետից դարձավ մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, ապա արդեն ոստիկանապետ էր։ Երբ կառուցվածքային փոփոխություն եղավ, Ղազարյանը չմնաց այդ պաշտոնում, այլ նշանակվեց ՆԳՆ, որի կազմում էլ ընդգրկվեց ոստիկանությունը։

Վահե Ղազարյանն անձեռնմխելի էր ամենաաղմկահարույց պատմություններից հետո անգամ. երբ ոստիկանները «Եռաբլուր»-ում ձեռք ու ոտք ոլորելով բերման էին ենթարկում զոհվածների ծնողներին՝ վարչապետ Փաշինյանի ճանապարհը բացելու համար։ Այդ օրերին 30-ից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ հենց նրա հեռացումն էին պահանջում։ Նույնը՝ այս տարվա հունիսին, երբ ոստիկանությունը ԱԺ-ի մոտ չթույլատրված հատուկ միջոցներ կիրառեց ընդդիմության բողոքի ցույցը ցրելու համար։

Փաշինյանն այդ սկանդալային պատմություններին չէր անդրադառնում, անդրադառնալիս էլ՝ միայն դրական ու խրախուսական տեքստերով. - «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններ են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»:

5 տարում ՊՎԾ ղեկավարի օգնականից Քննչական կոմիտեի նախագահ

Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում, սակայն, կարիերայի առաջխաղացման առումով հավասարը չունի Արգիշտի Քյարամյանը, որը ևս հրաժարականների տեղատարափում հայտնվեց։ 5 տարում 33-ամյա Քյարամյանը Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի օգնականից դարձավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 44-օրյա պատերազմի շրջանում հենց նա էր անվտանգության պատասխանատուն, ապա՝ վերադարձավ ՔԿ-ի նախագահի տեղակալի իր պաշտոնին, 21-ի հուլիսից արդեն նախագահն էր։

Ընդ որում, պարզ չդարձավ՝ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ միջադե՞պն էր պատճառը, թե՞ վարչապետի վերջին դժգոհությունը իրավական համակարգից։

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի օրը Փաշինյանը վստահությամբ հայտարարում էր, թե Հայաստանում վերացել է գործ սարքելու ինստիտուտը, բայց և ավելին էր ուզում տեսնել. - «ՔԿ 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել 0-ական կետ այն առումով, որ այդ 0-ական կետից ամեն հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա Հայաստանում արդարադատության, օրենքի ու օրինականության առկայության մասին»:

Արդյոք Քննչական կոմիտեի նախագահին տրված ժամանակն այս մեկ ամիսն էր։

Վարչապետը նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վստահությունից էր խոսում

Նույն այդ ելույթում Փաշինյանը նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վստահությունից էր խոսում։ Պաշտոնից հեռացողների շարքում էր նաև այդ կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։ ՀՔԾ-ն վերափոխվեց Հակակոռուպցիոն կոմիտեի, հենց այս երկու կառույցներ են քննել ու քննում 2008-ի Մարտի 1-ի գործը։ 2018-ի հեղափոխությունից հետո նոր բացահայտումների մասին հայտարարվեց, բայց փաստն այն է, որ 10-ը զոհերի սպանություններն բացահայտված չեն, անգամ մեղադրյալներ չկան։

Բադասյանը հեռացող 3-րդ ՊԵԿ նախագահը՝ Փաշինյանի կառավարման շրջանում

Երեկվա հրաժարականների շարքում ՊԵԿ նախագահի պատմությունը մութ մնաց։ Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն էր 2018-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր։ Հետո Բադասյանը ՊԵԿ փոխնախագահ դարձավ, ապա՝ արդարադատության նախարար, 21-ի ամառվանից ղեկավարում էր ՊԵԿ-ը։

Սանոսյանը՝ ՏԿԵ 2-րդ ղեկավարը՝ Փաշինյանի կառավարման շրջանում

Փաշինյանի կառավարման շրջանում Բադասյանը հեռացող 3-րդ ՊԵԿ ղեկավարն է։ Գնել Սանոսյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) երկրորդ նախարարը՝ ՊՆ ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանից հետո։ ՔՊ-ական Սանոսյանը կուսակցության ղեկավար մարմնի անդամ է։

ԲԴԽ 4-րդ նախագահը, որ հեռանում է Փաշինյանի կառավարման շրջանում

Փաշինյանը երեկ բացահայտ հայտարարեց, որ իր «մատն» է խառը հրաժարականների շքերթին։ Բայց նրանց շարքում էր նաև ԲԴԽ նախագահը, որին ԱԺ-ի պատգամավորներն էին ընտրել այդ կառույցի անդամ։ Այն Սահմանադրությամբ գործադիրից կախում չունի, ավելին՝ պետական անկախ մարմին է։

«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է: Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է»,- նոր-նոր արդարադատության նախարար նշանակված Անդրեասյանը ևս հետեւեց երկրի ղեկավարի լուսանկարն աշխատասենյակներ վերադարձնելու՝ իշխանականների թրենդին։

Նա 4-րդ ԲԴԽ նախագահն է, որ հեռանում է Փաշինյանի կառավարման շրջանում։ Բայց ահա հոկտեմբերի 1-ին՝ ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունից հետո Կարեն Անդրեասյանը խոսնակի միջոցով վստահեցնում էր՝ «որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու»։

Նոյեմբերի 18-ին արդեն անձամբ Ֆեյսբուքում գրեց՝ «գնում է այդ թունավոր պաշտոնում՝ ամենաերկարը դիմացած»: Պատճառների մասին՝ ոչ մի խոսք։