Ո՞վ էր «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլան

Հասան Նասրալլան Իրանի աջակցությունն ստացող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ «Հեզբոլա»-ն, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը, սեպտեմբերի 28-ին հաստատեց, որ Նասրալլան սպանվել է նախորդ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է

«Հեզբոլա»-ն ղեկավարելու ավելի քան 30 տարիների ընթացքում Նասրալլան շիա աշխարհազորայիններից կազմված խումբը վերածեց Լիբանանի հիմնական քաղաքական ուժի և հարևան Իսրայելի հզոր հակառակորդի:

Այս ընթացքում 64-ամյա հոգևորականը դարձավ Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ և ամենահակասական գործիչներից մեկը:

Նա հերոս էր Լիբանանի շիա համայնքի շատ անդամների համար, որը պատմականորեն մարգինալացված խումբ է։ Սակայն մյուսները համարում էին, որ նա պատերազմի քարոզիչ էր, որը երկիրը ներքաշեց տարածաշրջանային հակամարտությունների մեջ:

ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:

Նասրալլան ծնվել է 1960-ին Բեյրութի հարավային արվարձանում՝ աղքատ ընտանիքում։ Իրաքի շիա ճեմարանում ուսանելուց հետո նա միացել է «Ամալ» շարժմանը։ Այն աշխարհազորայինների խումբ էր, որը ձգտում էր բարձրացնել Լիբանանի շիա համայնքի կարգավիճակը:

1982-ին հարավային Լիբանան Իսրայելի ներխուժումից հետո՝ Լիբանանի ավերիչ քաղաքացիական պատերազմի ժամանակ, Նասրալլան միացավ նորաստեղծ «Հեզբոլա»-ին:

Խարիզմատիկ հոգևորական և հմուտ հռետոր Նասրալլան արագ առաջ գնաց «Հեզբոլա»-ի շարքերում: Երբ 1992-ին Իսրայելն սպանեց «Հեզբոլա»-ի ղեկավար Աբբաս ալ-Մուսավիին, նրան փոխարինող ընտրվեց Նասրալլան, որն այդ ժամանակ 32 տարեկան էր։

Նասրալլան սերտ հարաբերություններ հաստատեց մեծամասնությամբ շիա բնակչություն ունեցող Իրանի՝ «Հեզբոլա»-ի հիմնական աջակցի հետ: Թեհրանի ֆինանսական և քաղաքական զգալի աջակցության շնորհիվ Նասրալլան «Հեզբոլա»-ն վերածեց քաղաքական և ռազմական հզոր միավորի Լիբանանում և գլխավոր խաղացողի տարածաշրջանում:

Իսրայելի դեմ «Հեզբոլա»-ի մղած պայքարի շնորհիվ Նասրալլան աջակցություն ստացավ Լիբանանում և արտերկրում: 2000-ին «Հեզբոլա»-ի համառ հարձակումներից հետո Իսրայելը 18-ամյա օկուպացիայից հետո իր ուժերը դուրս բերեց հարավային Լիբանանից:

2006-ին «Հեզբոլա»-ի կողմից երկու իսրայելցի զինվորների առևանգումը Իսրայելի հետ 34-օրյա ավերիչ պատերազմի պատճառ դարձավ: Չնայած պատճառված ավերածություններին և մարդկային կորուստներին՝ պատերազմն ամրապնդեց «Հեզբոլա»-ի դիրքերը Լիբանանում և տարածաշրջանում:

Նասրալլայի ղեկավարությամբ «Հեզբոլա»-ն օգնության հասավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին այդ երկրի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Իրաքում և Եմենում վարժեցնում էր Իրանի աջակցությունն ստացող աշխարհազորայիններին և աջակցում պաղեստինյան «Համաս» խմբավորմանը, որն ԱՄՆ-ն և ԵՄ-ն պաշտոնապես ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Հեզբոլա»-ն մեղադրվում է նաև Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 1994-ին հրեական համայնքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը կազմակերպելու մեջ, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդ սպանվեց:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հոգևորականը հազվադեպ է երևացել հանրությանը, և նրա աջակիցներից շատերը միայն հեռուստաէկրաններով էին տեսնում, թե ինչպես է նրա երբեմնի սև մորուքը ճերմակում։ Սև չալման գլխին՝ Նասրալլան հաճախ երկար ելույթներ էր ունենում տեսակապի միջոցով, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով հեռարձակվում էին գաղտնի վայրերից:

2023-ի հոկտեմբերին Գազայի պատերազմի բռնկումից ի վեր «Հեզբոլա»-ն ու Իսրայելը անընդհատ անդրսահմանային հարձակումներ են կատարել միմյանց վրա։ «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ գործում է ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության։

Նասրալլայի կազմակերպությունը վերջին ամիսներին լուրջ անհաջողություններ է կրել: Իսրայելը սպանել է «Հեզբոլա»-ի ղեկավար կազմի առանցքային անդամների, չեզոքացրել է նրա ռազմական զինանոցի զգալի մասը և խաթարել կազմակերպության հաղորդակցությունը։

Սեպտեմբերի 19-ի նրա ամենավերջին ելույթում, որը հեռարձակվեց ենթադրաբար իսրայելական հարձակումներից հետո, որոնց թիրախում էին «Հեզբոլա»-ի անդամների կողմից օգտագործվող էլեկտրոնային սարքերը, Նասրալլան զգուշացրեց Իսրայելին, որ «կգա հատուցման պահը»:

Հեղինակ՝ Քիան Շարիֆի