Ուզբեկստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել մահափորձի սկանդալից հետո

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն աշխատանքից ազատել է Պետական անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների` անցած ամիս իր ավագ դստեր մերձավոր դաշնակցի դեմ մահափորձից հետո, հայտնում է «Ազատության» ուզբեկական ծառայությունը։

Մինչդեռ Պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Օթաբեկ Ումարովը, որը Միրզիյոևի կրտսեր դստեր ամուսինն է, նոյեմբերի 23-ին լքել է երկիրը, հայտնում են աղբյուրները։ Պարզ չէ՝ նա փախել է, թե պատրաստվում է վերադառնալ։

Ութ տարի առաջ ավտորիտար Միրզիյոևի պաշտոնը ստանձնելուց հետո անվտանգության ծառայություններում տեղի ունեցած այս ցնցումներն ամենամասշտաբայինն են: Սա տեղի է ունենում Ուզբեկստանի քաղաքական վերնախավի միջև իշխանության համար կուլիսային պայքարի ֆոնին, որը ուշադրության կենտրոնում է հայտնվել նախագահական վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կոմիլժոն Ալամջոնովի դեմ մահափորձից հետո:

Նախքան մահափորձը Ալամջոնովին իր անձնական աջակցությունն է ցուցաբերել նախագահի ավագ դուստրը՝ 39-ամյա Սաիդա Միրզիյոևան, ում շատերը համարում են նրա հավանական իրավահաջորդը։