«Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիա». ISW-ն վերլուծել է ՌԴ-ում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունները

Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ բանակցային ճանապարհով լուծելու Ուկրաինայի հարցը, հայտնում է ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) դեկտեմբերի 2-ի հրապարակման մեջ՝ նշելով, որ բանակցություններն ավելի քիչ արդյունք կբերեն Մոսկվային, քան Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիան է։

Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Պուտինը հավանաբար կմերժի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության բանակցությունների ցանկացած ծրագիր՝ դրանցում Ռուսաստանի «անվտանգության մտահոգությունների» բացակայության պատճառով։

Մալոֆեևի պնդմամբ, Կրեմլը կքննարկի Թրամփի հետ խաղաղ բանակցությունները, եթե Թրամփը, մասնավորապես, փոխի ԱՄՆ քաղաքականությունը, որով թույլատրվեց Ուկրաինային հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքներին, պաշտոնից «հեռացնի» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ըստ վերլուծաբանների՝ Պուտինը կարող է Թրամփի հետ հանդիպումն օգտագործել ԱՄՆ քաղաքականության հարցով զիջումներ կորզելու համար։

Նոյեմբերին Reuters-ը, հղում անելով ռուսաստանցի գործող և նախկին պաշտոնյաների, հայտնել էր, որ Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը, սակայն մտադիր չէ զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքի մեծ մասը, ինչպես նաև Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Կիևը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չէ տարածքների զիջմանն ու հակամարտության սառեցմանը՝ նշելով, որ դա կօգնի Ռուսաստանին ավելի լավ նախապատրաստվել նոր հարձակմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ Reuters