Կյանքն ու ուկրաինացի սակրավորի մաշեցնող աշխատանքը. պատկերաշար

«Եթե դու փորձառու սակրավոր չես, կարող ես գնալ առաքելության, բայց հնարավոր է չվերադառնաս», - կատակում է ուկրաինացի սակրավորների դասակի հրամանատար Անդրեյը:

Անդրեյին կոչում են «Պորտոս»՝ ի պատիվ երեք հրացանակիրներից մեկի։ Նրան հանդիպում ենք Դոնեցկի շրջանի հանգստի կենտրոնում: Դրսում արդեն մթնում է։ Մենք ուշ ենք հանդիում, քանի որ օրվա ընթացքում զինվորները մարտական առաջադրանքներ էին կատարում Ուկրաինայի արևելյան Բախմուտ քաղաքի տարածքում։

Այստեղ սակրավորների համար շատ աշխատանք կա։ Առաջնագծի գրեթե յուրաքանչյուր մետրը ականապատ է։

Անդրեյ, 93-րդ առանձին մեքենայացված բրիգադի ուկրաինացի սակրավոր

Անդրեյը բանակին միացել է 2022թ. մարտին՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։ Նա ռազմական փորձ չուներ։

«Ես ապրել եմ Պորտուգալիայում 2009-ից 2013 թվականներին»,- հիշում է նա, - «Դստերս ծնվելուց հետո վերադարձա Ուկրաինա։ Ես ու կինս որոշեցինք, որ ուզում ենք՝ նա կրթություն ստանա այստեղ՝ Ուկրաինայում, որպեսզի նա մտածի այնպես, ինչպես մենք»։

Պորտուգալիայում Անդրեյը քարտաշ է աշխատել։

Ուկրաինա վերադառնալուց կարճ ժամանակ անց Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և սկսեց պատերազմի առաջին փուլը Ուկրաինայի արևելքում: Հետո սկսվեց 2022 թվականի ներխուժումը։

«Ես առաջնագիծ անմիջապես չգնացի», - հիշում է Անդրեյը:

Նա սկզբում ավարտել է հիմնական զինվորական պատրաստությունը, ապա մասնագիտացել որպես մարտական ինժեներ՝ կատարելով տարբեր ռազմաինժեներական առաջադրանքներ, հատկապես ականների հետ:

«Ես առաջնագիծ եմ հասել 2022-ի հուլիսին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց իմ զինվորական կարիերան»,- ասում է Անդրեյը։

Անդրեյը և նրա ստորաբաժանումը դիմակայել են ամենածանր մարտերին արևելյան Ուկրաինայում՝ պաշտպանելով Բախմուտն ու Սոլեդարն այնքան ժամանակ, որքան կարող էին, մինչև երկու քաղաքներն էլ գրավվեցին: Այսօր նա աշխատում է Բախմուտից հարավ։

«Այն, ինչ տեսնում եք պատերազմական ֆիլմերում, բոլորը հեքիաթներ են: Իրականում ամեն ինչ լրիվ այլ է»,- ասում է Անդրեյը, - «Հակամարտությունը մի բան է, որը փոխվում է ամեն րոպե, ամեն վայրկյան: Անհնար է պատրաստ լինել ամեն ինչի»։

Կռվի իր առաջին փորձի ժամանակ, զինվորականը նշում է, «վախ չկար, բայց երևի թե լիներ, եթե իմանայի, թե ինչ է սպասվում»:

«Ես վախ զգացի առաջին մարտական առաջադրանքներից հետո», - ասում է Անդրեյը, շարունակելով, - «Երբեմն առաքելության համար հավաքվելը նախատեսված էր երեկոյան ժամը 23-ին, ուստի մեքենան հասնում էր կեսգիշերին: Ինչպես ասում են՝ մահվան սպասելն ավելի վատ է, քան ինքը մահը»։

Սակրավորները պարապմունքի ժամանակ

Նրա խոսքով՝ վախ կար, երբ ինքը վերադառնում էր մարտական առաջադրանքից։

«Դուք վերադառնում եք տարհանման կետ, որտեղ ավելի հանգիստ է, և սկսում եք մտածել, թե որտեղ եք եղել և ինչ եք արել», - նկատում է է նա, - «Այո, հենց այդ ժամանակ է վախը գալիս»:

Անդրեյը հիշում է Բախմուտի մոտ ականազերծման գործողությունը, որն իր թիմի ամենավտանգավոր առաքելություններից մեկն էր։

«Ռուսական զորքերը ներխուժել էին դիրք, և մեզ հանձնարարվել էր մտնել և ականապատել այն։ Մենք ավարտեցինք մեր առաջադրանքը և վերադարձանք մեր դիրքեր։ Հաջորդ օրը եկավ գումարտակի հրամանատարը և ասաց, որ այս աշխատանքը պետք է իրականացնի հատուկ նշանակության ջոկատը։ Այսինքն՝ մենք պատրաստ չէինք նման առաջադրանքների»,- ասում է Անդրեյը։

Այս առաքելությունից հետո, նկատում է, ինքն ու իր թիմն «իրենց լավ զինվորականներ էին համարում»։

Կռվի մեջ ամենադժվարը, սակրավոր Անդրեյի խոսքով, կողքիդ վիրավոր եղբորդ տեսնելն է, որին չես կարող օգնել:

Ապրելով կողք կողքի զինակից եղբայրների հետ՝ «կապվում ես, ընտանիքի պես ես դառնում», նշում է նա. «Իսկ հետո, երբ սկսում ես կորցնել, չես կարող օգնել այդ մարդուն, շատ սարսափելի է: Չգիտես, թե հետո ինչ կասես նրա ընտանիքին։ Սա ամենամեծ վախն է՝ անօգնական զգալը և մտերիմ ընկերոջը փրկել չկարողանալը»:

Անդրեյը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է զինաթափել կամիկաձե անօդաչու սարքը։

Հաջորդ օրը երեկոյան մենք Անդրեյի և նրա թիմի հետ գնում ենք պարապմունքի՝ ռազմաճակատ՝ առաջնագծի հետևում, որտեղ մի քանի փոքր խմբեր «կրակում են» թիրախների ուղղությամբ: Անդրեյը լիցքավորում է նռնականետեր, տարբեր տեսակի ականներ և FPV անօդաչու ռումբ, որը չի հասել թիրախին։ Նա ամեն ինչը ցած է դնում՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր «խաղալիքներ» են վնասազերծվում։

«Եթե տեսնեք, որ ազդանշաններ կամ թարթող լույսեր չկան, ապա կարող եք ձեր ռիսկի վրա հիմնվելով մոտենալ դրոնին և ստուգել այն», - բացատրում է Անդրեյը:

Մարտական վարժանք

Պաշտոնական կանոնակարգի համաձայն՝ ավելի լավ է չմոտենալ զինված անօդաչու սարքին, այն պետք է ոչնչացվի հեռակա: Բայց եթե բավականաչափ փորձ ունեք, կարող է օգտակար լինել փորձել փրկել դրոնը:

«Առաջին բանը, որ պետք է անել, դրա հիմնական մարտկոցն անջատելն է: Երկրորդը պայթուցիկը զննելն ու դրա պայթուցիչը գտնելն է։ Հետո զգուշորեն հանում ես պայթուցիչը զինամթերքից»,- բացատրում է Անդրեյը։

«Եթե տեսնում եք լրացուցիչ մարտկոց, փորձում եք անջատել այն: Միայն սրանից հետո մենք հանում ենք զինամթերքը, որը կոչնչացվի։ Եթե անօդաչու սարքը հնարավոր լինի մաքրել, այն կգնա մեր ընկերների մոտ պահեստամասերի համար»,- ասում է Անդրեյը։

Փորձարկման վայրում պայթյունից մի քանի րոպե անց

Նույնքան բարդ է նաև, թե ինչպես վնասազերծել հակատանկային ականը։

Կրկին վերադառնում ենք ապաստարան։ Խրամատում մեր դիրքից մինչև ական է ձգվում մի պարան։ Զինվորը, պարանն ուժեղ քաշելով, պոկում է ականը տեղից, և պայթյուն է լսվում։

Օգտագործելով այս մեթոդը՝ ուկրաինացի սակրավորը չի տուժի, սակայն կան բազմաթիվ հնարքներ, որոնց դիմում են ռուսական զորքերը՝ սակրավորներին առավելագույն վնաս հասցնելու համար։

Անդրեյը ցուցադրում է ML-8 սարքը, որը նախատեսված է ականի պայթեցման համար, երբ այն հանվում է:

Անդրեյի որոշ պատմություններ ներկայացնում են բուն մարտի վտանգները:

«Մեր զինվորներից մեկը դռան զանգը դարձրեց այնպես, որ որպես պայթուցիչ գործի: Ես չգիտեմ, թե ինչ էր նա մտածում, բայց նա որոշեց այս դռան զանգը կախել ծառից», - հիշում է Անդրեյը, - «Այնուհետև ուկրաինացիները ստիպված եղան նահանջել այս դիրքից։ Ռուսական զորքերը խուժեցին տարածք, և թշնամու զինվորներից մեկը, Աստված գիտի, թե նա էլ ինչ էր մտածում, սեղմեց կոճակը։ Պայթուցիկ սարքը միացված է եղել զանգին, և պայթյունի հետևանքով զոհվել է նրա խմբի կեսը»։

Սակրավորներն Ուկրաինայի արևելքում

«Կարծիք կա, որ սակրավորները միանգամյա օգտագործման զորքեր են»,- կեսկատակ ասում է Անդրեյը։

Ինչ վերաբերում է հոգեբանական աջակցությանը, Անդրեյն ընդգծում է. «Ձեր զինվորական ընտանիքը, եղբայրները, որոնց հետ ապրում եք, ձեր ամենակարևոր ցանցն է։ Առանց նրանց ամեն ինչ շատ արագ կդառնար անտանելի։ Մեր թիմում յոթ հոգի կա։ Մենք բոլորս միասին ապրում ենք մեկ հարկի տակ։ Կան մեծ ու փոքր տղաներ, բայց մենք բոլորս աջակցում ենք միմյանց»։

«Հետո կինդ՝ այս աջակցությունը կարևոր է։ Հետո աղջիկս զանգում է ինձ և ասում. «Հայրի՛կ, դու միշտ կարող ես զանգահարել։ Զանգիր ինձ ցանկացած ժամանակ, խոսիր ինձ հետ»: