«Ուկրաինան փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը»․ ինչ է սա նշանակում

Արխիվային լուսանկար

Ուկրաինան հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած առաջին բալիստիկ հրթիռը, հայտարարել է երկրի ղեկավար Զելենսկին։

Սեփական բալիստիկ հրթիռ ունենալը Կիևի 20 տարվա երազանքն է․ արդյոք այն իրականություն է դարձել, ու ինչպես կարող է սա ազդել ռուս-ուկրաինական պատերազմի վրա։

Պատերազմող Ուկրաինան հիմա էլ իր զինանոցում բալիստիկ հրթիռներ ունի․ օրինակ՝ սովետական Տոչկա Ու-ն՝ 120 կմ հեռահարությամբ ու հրթիռների սահմանափակ թվով։ Կիևի տրամադրության տակ նաև ամերիկյան բալիստիկ հրթիռներ կան, բայց Վաշինգտոնն արգելում է կիրառել դրանք Ռուսաստանի տարածքում։

Փոխարենը Ռուսաստանն է իր բալիստիկ հրթիռները դատարկում Ուկրաինայի տարածքում. դատարկել բառն այստեղ չափազանցություն չէ։ Ուկրաինական ճակատում Մոսկվային սեփական բալիստիկները չեն հերիքում, ու Կրեմլն առուծախի մեջ է Հյուսիսային Կորեայի հետ։ Կիմ Չեն Ընի արտադրությունն Ուկրաինա արդեն հասել է՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով։

Ռազմաճակատում իրավիճակն ու տրամաբանությունը հուշում են՝ Ուկրաինայի պատասխան հարվածը սեփական բալիստիկ հրթիռների արտադրությամբ բեկում կարող է բերել արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմում։

Զելենսկին իրենց հրթիռների մասին շատ բան չի ասել, մինչ այդ՝ դեռ 2000-ականներին, երկրի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յուշչենկոն էր խոսել ուկրաինական բալիստիկների՝ «Սապսան» օպերատիվ մարտավարական հրիռային համալիրի ստեղծման մասին։

Այն փաստացի ռուսական «Իսկանդեր»-ի անալոգն էր լինելու։ 2016-ին այս նախագծին նոր անուն տվեցին՝ «Գրոմ 2»։ 2021-ին ուկրաինական կողմը հայտարարեց, թե 80 տոկոսով պատրաստ է զենքը։

Ռուսաստանի սկսած պատերազմից հետո հրթիռների մասին խոսակցությունը նվազեց, թեև Մոսկվան մի քանի անգամ հայտարարեց «Գրոմ 2» խոցելու մասին։

Ռազմական փորձագետներն այսօր արդեն ակնարկում են, Զելենսկին խոսել է նույն այդ՝ «Սապսան» կամ «Գրոմ 2» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկման մասին։

Թե որքանով են արդյունավետ սրանք մարտական պայմաններում, դեռ վաղ է ասել։

Փորձագետների կանխատեսմամբ՝ եթե օրինակ՝ նոր հրթիռը օպերատիվ-մարտավարական դասի լինի, ինչպես օրինակ՝ «Տոչկա Ու»-ն, եթե Ուկրաինան սրա հետ մեկտեղ կարողանա արտադրել նաև թևավոր հրթիռներ, ապա ռազմաճակատում Ռուսաստանի համար իրավիճակը կարող է բարդանալ։