Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։

«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները», - Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Կուրսկի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր օտարերկրյա ուժերի առաջին ցամաքային ներխուժումն էր Ռուսաստան։ Այդ գործողությամբ Կիևը հույս ուներ կասեցնել ռուսական հարձակումները Ուկրաինայի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում, ստիպել Մոսկվային հետ քաշել ուժերը, որոնք աստիճանաբար առաջ են շարժվում դեպի արևելք և Կիևին լրացուցիչ լծակներ տալ ապագա խաղաղ բանակցություններում: Սակայն ռուսական ուժերը շարունակում են կայուն առաջխաղացումը մասնավորապես Դոնեցկի շրջանում:

Պաշտոնական Մոսկվան չի արձագանքել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Reuters-ի հարցերին:

Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։