Ռուսական իշխանությունները հայտնում են հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին, որոնց հետևանքով վնասվել են սպիրտ արտադրող մի քանի գործարաններ։
Ըստ Տուլայի շրջանի նահանգապետի, մասնավորապես, վնասվել են Եֆրեմովսկու և Լուժկովսկի գյուղի սպիրտի գործարանները:
«Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները»,- գրել է Միլյաևը Տելեգրամ ալիքում՝ հավելելով, որ «հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը»։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Տամբովի մարզի ղեկավար Մաքսիմ Եգորովի խոսքով՝ անօդաչու սարքը հարվածել է Ռասկազովի «Բիոխիմ» ձեռնարկությանը։ Պայթյունը սպիրտի գործարանում տեղի է ունեցել ժամը 5:20-ին, հավելել է շրջանի ղեկավարը։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, որը մեկ ժամ անց մարվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
«Բիոխիմ»-ի կայքում նշվում է, որ ներկայումս «ձեռնարկությունն արտադրում է պետության համար ռազմավարական նշանակության ապրանքներ և իրականացնում է շաքար պարունակող հումքի (ճակնդեղի մելաս) տարբեր տեսակի սպիրտների համալիր վերամշակում»։
ԱԹՍ-ներով հարձակման սպառնալիքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել էր Նիժնի Նովգորոդի օդանավակայանի աշխատանքը՝ «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Տուլայի և Օրյոլի շրջաններում ոչնչացրել են 18 անօդաչու թռչող սարքեր։