Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավարին Պերմի գաղութից «տարել են անհայտ ուղղությամբ»

Լիլիա Չանիշևա, լուսանկարը՝ Ալմազ Գաթինի X-ի էջից։

Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար, ծայրահեղականության գործով 9,5 տարվա ազատազրկման դատապարտված Լիլիա Չանիշևային Պերմի գաղութից տարել են անհայտ ուղղությամբ, X-ի իր էջում գրել է Չանիշևայի ամուսինը՝ Ալմազ Գաթինը։

Գաթինն ասել է, որ երեկ իր կնոջ համար փաթեթ է տարել գաղութ, որտեղ իրեն տեղեկացրել են, որ հուլիսի 26-ից Չանիշևան այնտեղ չէ։

«Ես դիմում եմ բոլորին, որպեսզի օգնեն ինձ գտնել կնոջս։ Խնդրում եմ, տեղեկացրեք, եթե որևէ բան գիտեք Չանիշևայի գտնվելու վայրի մասին», - գրել է Ալմազ Գաթինը:

Լիլիա Չանիշևան կալանավորվել է 2021 թվականի նոյեմբերին, երբ, ըստ ամուսնու, արդեն Նավալնու կառույցում չէր աշխատում։

2023 թվականի հունիսին Լիլիա Չանիշևան դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական համայնք» ստեղծելու մեղադրանքով։ Դատախազը նրա համար 12 տարվա ազատազրկում էր պահանջել։ Այս տարվա ապրիլին ակտիվիստի պատիժը խստացվել է՝ «Ուֆայի բնակիչներին փողոցային ցույցերի հրահրելու» մեղադրանքով:

Չանիշևան իր դեմ գործերը քաղաքական հետապնդում է որակել և իրեն մեղավոր չի ճանաչել։

2024-ի մայիսին նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներում էր խնդրել՝ նշելով, որ «2021-ի ապրիլից կամավոր դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, որը ծայրահեղական է ճանաչվել 2021-ի օգոստոսին»։ Նա նաև շեշտել էր, որ 2021-ի ապրիլից այլևս չի զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ, ամուսնացել է և որոշել էր իրեն նվիրել ընտանիքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել Նավալնիի չորս համախոհների նկատմամբ