Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը։
Նախարարությունն այսօր տարածած հայտարարությունում նշել է, որ նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
«Եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ», - ասված է հայտարարությունում։
Դեռ հունիսի սկզբին ՆԳՆ-ն խորհրդարան էր բերել «Ոստիկանության մասին» ու հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ, որն արագ, առանց հանրային քննարկումների, ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Օրենքի վերջնական ընդունումից հետո 50 քմ-ից մեծ սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների ու բիզնեսի այլ տեսակների կառույցների մուտքին ու շինության մյուս կողմերին գործարարները պարտավոր էին տեղադրել տեսախցիկներ, իսկ նկարահանածն էլ 24/7 ռեժիմով տալ Ոստիկանությանը։
Մասնագետները նշում են, որ օրենսդրական այս փաթեթը վտանգներ է պարունակում թվային անվտանգության, ինչպես նաև կոնկրետ մարդկանց լրտեսելու ռիսկերի տեսանկյունից։ Ընդդիմությունն էլ իր հերթին մտահոգություն է հայտնում, որ իշխանության քննադատները կարող են 24/7 ռեժիմով հսկողության տակ հայտնվել։ Նախագիծը քննադատել են նաև Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, Արդարադատության նախարարությունը, Օմբուդսմենի գրասենյակը, Կենտրոնական բանկը:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն էլ նշել է, որ տեսահսկման 24-ժամյա համակարգեր տեղադրելու Հայաստանի կառավարության օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Human Rights Watch-ը քննադատում է պարտադիր տեսահսկման հայաստանյան օրինագիծը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրտեսվել, թվային անվտանգություն. ի՞նչ ռիսկեր կան տեսախցիկներ տեղադրելու ոստիկանության պլաններում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրային վայրերում տեսախցիկների օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն առայժմ չի քննարկի